Տարվա այս ժամանակահատվածում պանրի շուկայում տեսականում սակավությունն օրինաչափ է եւ պետք չէ դրա համար արտասովոր պատճառներ փնտրել: Այս մասին նշված է NEWS.am-ին ուղղված «Աշտարակ Կաթ» ընկերության հաղորդագրության մեջ:
«Կաթնամթերքի, առավել եւս պանրի արտադրության քանակը խիստ սեզոնային բնույթ ունի եւ ուղղակիորեն կախված է մթերվող կաթի ծավալներից: Ձմեռային ամիսներին մթերվող հումքը կտրուկ նվազում է, եւ բնականաբար նվազում է նաեւ պանրի քանակը: Տվյալ դեպքում 2012 թ-ին պահեստավորված պանրի մեր պաշարները գործնականում սպառվել են: Պանրի արտադրությունը «Աշտարակ Կաթ»-ը կվերսկսի ամառային շրջանում:
Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ մեր ընկերության արտադրած պանիրը միշտ առանձնացել է իր որակական բարձր հատկանիշներով: Նման որակի մթերքն ունի նաեւ բարձր ինքնարժեք, իսկ նման պարագայում շատ դժվար է ընդհանուր շուկայական գների ֆոնի վրա պահպանել մրցունակությունը: Հաշվի առնելով նշված պանրի ինքնարժեքն ու շրջանառու միջոցների սղությունը, այս տարի Աշտարակ Կաթի պլանավորած պանրի քանակությունը նախորդ տարիների համեմատ որոշակիորեն սահմանափակ կլինի:
Վերջին ժամանակներս տեղական շուկայում պարենային ապրանքատեսակների որոշակի գնաճ է նկատվում: Հնարավոր է, որ ընդհանուր այդ միտումը տարածվի նաեւ կաթնամթերքի վրա:
Ինչպես ցանկացած ապրանքի դեպքում, պարենային ապրանքների գնագոյացումը եւս ուղղակիորեն կախված է տվյալ ապրանքի ինքնարժեքից՝ հումք, էներգակիրներ, առաքում, աշխատուժ եւ այլն: Ըստ հրապարակված տվյալների՝ միջազգային շուկայում կաթնամթերքի նկատելի թանկացում գրանցվել է սկսած 2011 թ-ից: Աշտարակ Կաթ ընկերությունը բավականին երկար ժամանակ կարողացել է զսպել գնաճը Հայաստանում՝ միայն իր ներքին ռեսուրսների եւ վարկերի հաշվին, ինչը հակասում է շուկայի օրենքներին»,-ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով հարցին, թե հատկապես ի՞նչ պատճառներ կարող են հանգեցնել կաթնամթերքի գնաճին, «Աշտարակ Կաթ»-ը նշում է. «Այդ պատճառները վաղուց կան, թեեւ մենք ամեն կերպ, ինչպես նշվեց, հիմնականում մեր ռեսուրսների հաշվին դիմադրել ենք գնաճին ու խուսափել գների վերանայումից՝ լավ հասկանալով, որ դա սպառողների շահերից չի բխում: Առաջին հերթին՝ հումքի թանկացումը. 2011թ-ից մինչ հիմա մթերվող հումքը թանկացել է մոտ 35 %-ով, այն դեպքում, երբ 2012 թ-ին կաթնամթերքի գնաճը չի գերազանցել 0,6 % -ը: Այդ մասին վկայում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը: Սա պատճառներից ամենահիմնավորն է, երբ հումք-ապրանք գնաճը անհամաչափ է:
Մի կարեւոր դիտարկում եւս. Սովորաբար տարվա մեջ ձմեռային շրջանում կաթի արժեքը բարձրանում է 30-35 %-ով՝ կապված հումքի սակավության հետ: Ամառային սեզոնին, երբ կովերի կաթնատվությունը բարձրանում է, հումքի գինը կրկին նվազում է՝ հասնելով իր հաստատուն արժեքին: Այս տարի հումքի ,,ձմեռային գինը,, նվազելու միտում չունի:
Կան իհարկե ուրիշ պատճառներ եւս, ինչպես օրինակ՝ էներգակիրների արժեքի դանդաղ, բայց հաստատուն բարձրացումը, վարկերի սպասարկման թանկացումն ու պարենային եւ ոչ պարենային ապրանքատեսականու ընդհանուր գնաճը: Նման պայմաններում, բնական է, որ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողները նույնպես ստիպված են կիրառել գնային որոշակի փոփոխություններ»:
Նույն խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացրել նաեւ «Դուստր Մարիաննա» եւ «Չանախ» ընկերությունները:
Ըստ այդմ, «Դուստր Մարիաննա» ընկերությունից հայտնել են հետեւյալը.
«Վերջին ամիսներին պանրի սակավությունը սեզոնային օրինաչափ պատճառից բացի ունի նաեւ այլ բացատրություն. 2012-ը բավականին անբարենպաստ էր անասնապահական ոլորտի համար. երաշտի պատճառով կերային բազան սակավ էր, ինչը հանգեցրեց անասնագլխաքանակի որոշակի ջարդի: Այդ դժվարությունն, իհարկե, հիմա արդեն հաղթահարված է եւ հուսով եմ, առաջիկայում պանրի սակավություն այլեւս չի լինի:
Պարենային եւ ոչ պարենային շուկայում ապրանքատեսականու համընդհանուր թանկացումը միանշանակ ազդում է բոլոր արտադրողների վրա: Մեր դեպքում հումքից բացի, որը թեեւ թանկացել է, սակայն տեղական է, արտադրության մեջ օգտագործվող անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները ներկրվում են արտերկրից: Արտարժույթի նկատմամբ ՀՀ դրամի ակնհայտ արժեզրկման պայմաններում այդ ամենը շատ թանկ է նստում արտադրողի վրա՝ բնական է, մթերքն իրացվում է տեղական արժույթով, իսկ ներկրվող ապրանքի դիմաց վճարվում է տարադրամով: Սրան գումարվում է նաեւ այն հանգամանքը, որ միջազգային շուկայում գնաճը գրանցվել է դեռեւս 2011 թ-ին. Միայն մեկ օրինակ՝ նշված ժամանակահատվածից սկսած մինչ այսօր կարագի գինը բարձրացել է ավելի քան 40 %-ով, ընդ որում 20%-ով թանկացել է վերջին ամիսների ընթացքում: Այս ամենն իհարկե ստիպում են, որ կաթնամթերքի տեսականին ենթարկվի գնային որոշակի փոփոխությունների»:
«Չանախ» ընկերությունից էլ տեղեկացրել են, որ շուկայի համատարած թանկացման այս պայմաններում հնարավոր չէ այլեւս նախկին գներով իրականացնել կաթնամթերքի արտադրություն: «Պարենային շուկայում վերջին երկու տարիներին գնաճը մեծ չափերի է հասել, իսկ այդ ընթացքում կաթնամթերքի գնային փոփոխությունները չնչին են եղել: Հասկանալի է, որ գլոբալ թանկացման դեպքում որեւէ ապրանք չի կարող արտադրվել եւ վաճառվել նախկին արժեքով:
Պետք է հասկանալ, որ այս դեպքում արտադրողը ոչ թե գերշահույթ է հետապնդում, այլ ինչ-որ չափով փորձում է փրկել ոլորտը, քանի որ այլ ապրանքների ներկայիս գների հետ համեմատած՝ կաթնամթերքի գինն ուղղակի անհամատեղելի է եւ ընդհանուր գործընթացից դուրս մնալու պարագայում լրջորեն կվտանգվի տարիներով կայացած այս ոլորտը:
Հումքի գնաճն, իհարկե լավ խթան է գյուղական համայնքներում կաթնատու անասնագլխաքանակի ավելացման համար: Հակառակ դեպքում ֆերմերների կողմից կաթնատու կովերը դիտարկվում են որպես մսացու»,-ասված է «Չանախ» ընկերության պարզաբանման մեջ:



























