ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ցանկություն չունի երկրում վերականգնել խորհրդային դարաշրջանի ավանդույթները: Այս մասին նա ասել է ֆրանսիական Paris Match հանդեսին տված հարցազրույցում:
«Հստակորեն պետք է տարանջատենք հարցի հուզական եւ ռացիոնալ կողմերը: Ես ծնվել, մեծացել եւ կրթություն եմ ստացել Խորհրդային Միության տարիներին, եւ բազմաթիվ հաճելի հուշեր են կապված այդ ժամանակաշրջանի հետ: Չնայած այդ հուշերին` խորհրդային դարաշրջանի գաղափարները, սկզբունքներն ու հասարակական կառուցվածքը ինձ խորթ են: Ես չէի ցանկանա, որ նույնիսկ մի քանի վայրկյանով մենք հայտնվենք հասարակական հարաբերությունների եւ հատկապես տնտեսական այն կացության մեջ, որում գտնվում էինք խորհրդային տարիներին»,- ընդգծել է Մեդվեդեւը:
Շատ ավելի հետաքրքիր է Մեդվեդեւի տեսակետը կապված իր եւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հարաբերությունների հետ:
«Մենք պատասխանատու մարդիկ ենք եւ քննարկելու ենք երկրի քաղաքական ապագային, այդ ապագայում մեր ունեցած դերակատարությանը վերաբերող հարցերը: Առայժմ մեր դաշինքը շատ աշխատունակ է, ինչը բավական մեծ օգուտ է բերում երկրին»,- ասել է նա:
Նկատենք, որ ռուս եւ արտասահմանցի շատ փորձագետներ նշում են, որ Մեդվեդեւ-Պուտին հակամարտությունը գնալով սրվում է, քանի որ որքան մոտենում են 2012-ի նախագահական ընտրությունները, այնքան ավելի արդիական է հնչում, թե ով է լինելու Ռուսաստանի հաջորդ նախագահը: Մեդվեդեւը չի ցանկանում հաշտվել այն մտքի հետ, որ Պուտինն իրեն նստեցրել է այդ աթոռին եւ նա էլ կարող է հանել:



















