Ժամանակին «երեւանցի» արտահայտությունը ասում էին հպարտությամբ, իսկ ներկայումս շատերը ամաչում են դրանից: Այդ մասին այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը:
«Շատերը գյուղերից գալիս են այստեղ, հարստանում են, իրենց կամքն են թելադրում, պաշտոններ են ունենում: Ես երեւանցի ասում են նրանց, ովքեր ապրում են Երեւանում եւ ընդունում են Երեւանի օրենքները, կանոններն են ընդունում, այլ ոչ թե էստեղ ծնվել է, պապերն են ծնվել»,- ասաց Ա. Երիցյանը:
Հարցին, թե ինչո՞ւ ավագանու ընտրություններում ակտիվացան թաղային հեղինակությունները, Ա. Երիցյանն ասաց, որ նման տեղեկություն չունի, սակայն կարծում է, որ հանրապետականները լավ են աշխատել: Իսկ խախտումների վերաբերյալ էլ ասաց, որ հարուցվել են քրեական գործեր, ու մեղավորները կպատժվեն:




























