Ձկնաբուծության զարգացումը Հայաստանում հանդիպում է խոչընդոտների: Այդ մասին այսօր՝ մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» հկ-ի գործադիր տնօրեն Արթուր Աթայանը:
Նրա խոսքով՝ խոշոր տնտեսությունները խոչընդոտների են հանդիպում արտահանելիս (ռուսական համապատասխան ծառայությունների կողմից), իսկ փոքրերն ու միջին տնտեսությունները խնդիրներ ունեն ներքին շուկայում:
Մասնավորապես՝ բնապահպանության նախարարությունը «կամայական» ջրօգտագործման թույլտվություններ է տալիս, այնինչ անհրաժեշտ է դադարեցնել նման թույլտվությունների տրամադրումը ու նոր խորքային հորերի կառուցումը, քանի որ ջրի պակասի պատճառով դրանից տուժում են հին ձկնաբուծարանները: Բացի այդ, ըստ Ա. Աթայանի, ՀՀ բնապահպանության նախարարությունը անհիմն պատճառաբանություններով ձգձգում է գործող ձկնաբուծարաններին ջրօգտագործման թույլտվությունների երկարաձգումը:
Ա. Աթայանը տեղեկացրեց, որ հանրապետությունում ներկայում առկա են 230 ձկնաբուծարաններ, որոնցից գործում են 180-ը:



























