Վրաստանում մայիսի 8-ին արտաշիրմել են 3 երիտասարդների մարմիններ, ովքեր Լապանխուրի կիրճում հատուկ օպերացիայի ընթացքում էին զոհվել: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, արտաշիրմումն իրականացվել է կրկնակի փորձաքննության նպատակով` նախորդ տարվա իրադարձությունների նոր հետաքննության շրջանակներում:
Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիան», գերեզմանատանն են հավաքվել զոհերի հարազատները եւ գյուղի այլ բնակիչներ: Հաղորդվում է, որ գերեզմանները բացելու ժամանակ մայրերից մեկը վատացել է եւ տեղափոխվել հիվանդանոց:
Ինչպես գրում է Գրուզիա Online-ը, զոհվածների ընտանիքի անդամները ասում են, որ առաջին փորձաքննությունը իրականացվել է նախկին իշխանությունների օրոք: Ենթադրվում է, որ այդ նյութերը ոչնչացվել են, ուստի նոր փորձաքննության անհրաժեշտություն է առաջացել:
Լապանխուրիի կիրճում հատուկ օպերացիան իրականացվել է Վրաստանում նախորդ տարվա օգոստոսին: ՆԳՆ հաղորդմամբ, օպերացիան ուղղված էր բանդայի ոչնչացմանը:




























