Ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ չի դառնա: Միքայելյանն այդ մասին ասել է այսօր` մայիսի 8-ին լրագրողների հետ զրույցում:
Ազատամարտիկի կարծիքով, առաջիկա կես տարում կարող է նոր ընդդիմադիր ուժ ստեղծվել, եւ ինքն էլ պատրաստ է պայքարել այդ թիմում:
Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի ստեղծման փաստին` Սասուն Միքայելյանը խոսեց զինվորական տերմինաբանությամբ. «Ի՞նչ արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա թողեց հզոր զորքը, սկսեց նոր զորք հավաքել»: Միքայելյանը նաեւ սխալ է համարում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը, ինչի ապացույցը վերջին ընտրություններում ՀԱԿ ստացած ձայներն էին: «Ընդդիմությունը պարտվեց` վերջին տարիներին վարած սխալ քաղաքականության պատճառով: Ինչքան էլ իշխանությունները խախտումներ են արել, ընդդիմությանը ձայն տված քաղաքացիների տոկոսը նվազել է»,- նշեց նա` հավելելով, որ ՀՀՇ-ն, որպես միավոր եւ պատմական կուսակցություն, պետք էր պահել՝ զուգահեռ ստեղծելով ՀԱԿ կուսակցությունը: Համենայն, դեպս, Միքայելյանը չի հավատում, որ ՀԱԿ-ը ֆինանսական օգուտի համար է համագործակցում ԲՀԿ-ի հետ:
Հարցին, հնարավոր է, որ ընդդիմադիր նոր ուժը գլխավորի Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը պատասխանեց հարցով. «Տոնկիյ նամյոկ նա տոլստիյե օբստայատելստվա՞»:
Ազատամարտիկը նաեւ նշեց, թե ինչու չի մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներին, որովհետեւ չի հավատացել նրան:




























