Երեւանի ավագանու ընտրություններին ամենալուրջ համագործակցությունը եղել է ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
«Այնպես չէ, թե Կոնգրեսի ներկայացուցիչները ամեն տեղ փայլուն են եղել, դեպքեր գիտեմ, որ Կոնգրեսի վստահված անձինք, հանձնաժողովականները որոշ տեղամասերում իրենց շատ վատ են պահել, անգամ համագործակցել են ՀՀԿ-ականների հետ ընտրակեղծիքների մասով, եղել են տեղամասեր, երբ կռվողի դերում եղել է ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, մերոնք հակառակ դիրքերում, սա իհարկե բացառություններ են»,- ասաց նա։
Լեւոն Զուրաբյանը շեշտեց, որ Կոնգրեսը ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն պատերազմել են շատ սկզբունքային, վճռական կռիվ են տվել տեղամասերում հանուն օրինականության, իսկ «Ժառանգությունը» ձախողել է, շատ հաճախ համագործակցել է հակառակ ճամբարի հետ «Ժառանգության մեջ կան մարդիկ, որոնք նույնպես համագործակցել են մեզ հետ, կռվել են, տեղեր կան, որ ամենասկզբունքայինն իրենք են եղել, բայց մեծամասնությունը համագործակցել է իշխանության հետ»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի կողմից խախտումներ թույլ տալուն, նա նշեց, որ իրենք տեղեկություններ են ստացել, որ ԲՀԿ-ն ուղղորդել է, ինչը իրենց համար անընդունելի է եւ որեւէ խնդիր չկա քննադատելու։
ՀԱԿ պատգամավորը նաեւ տեղեկացրեց, որ ընտրություններից մեկ օր առաջ իրեն է այցելել Եչեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ ոստիկանապետի անունից, իշխանությունների անունից հավաստիացումներ ներկայացրել, որ ընտրությունների օրը ցանկանում են անցկացնել բացառիկ օրինական ընտրություններ, չեն լինի կուտակումներ, թույլ չի տրվի ընտրակաշառք բաժանել։ Լեւոն Զուրաբյանը ողջունել է այդ նախաձեռնությունը, նաեւ նշել, որ ոստիկանության գործողությունները հիմք չեն տվել, որ հավատան, որ ոստիկանությունը այդպես կվարվի։ «Ոստիկանությունը եւս մեկ անգամ ձախողվեց, կամ դարձավ հանցակից, նույն ուղղորդումն էր, ընտրակաշառքի բաժանումը մի օպերացիա է, որը ընդգրկում է հազարավոր մարդկանց, նման օպերացիան չտեսնելը կամ չկարողանալ կանխելը հնարավոր բան չէ, եթե պետական իշխանությունը չի որոշել աչք փակել այդ բաների վրա»,- ասաց նա՝ շեշտելով, որ ընտրակաշառքի բաժանման, կուտակումների, ուղղորդման համար, ահաբեկման համար առաջնային պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, դրա պատասխանատուն է նաեւ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը։




























