Հայաստանի կառավարությունը այլեւս չի հանդուրժելու աշխատակազմի այնպիսի ղեկավարների, ովքեր պարբերաբար խախտում են թույլ տալիս։ Այդ մասին Հայաստանի կառավարության փետրվարի 25-ին կայացած նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նկատելով, որ այդպիսի դեպք արդեն արձանագրվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում։
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, թե Տիգրան Սարգսյանն ասել է, որ նախարարության աշխատակազմի ղեկավարը (Ձոնիկ Մարգարյանը-NEWS.am) ստացել է նկատողություն աշխատանքը ոչ պատշաճ կազմակերպելու, նախարարի հանձնարարականները չկատարելու, ծրագրերը տապալելու համար, որից հետո նախարարի միջնորդությամբ նա ստացել է վարչապետի խիստ նկատողությունը, սակայն աշխատանքը չի շտկվել: Կառավարությունը որոշել է դիմել քաղծառայության խորհրդին՝ օրենսդրության պահանջներին համապատասխան ծառայողական քննություն սկսելու համար, վարույթ հարուցելու եւ աշխատակազմի ղեկավարին աշխատանքից ազատելու համար:



















