Ոստիկանությունը ստացել է «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանին սպառնալու մասին գրությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նա նշեց, որ իրենց ստորաբաժանումները արդեն համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում, զբաղվում են որոշակի գործողություններով:

Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց նաեւ, որ այժմ քննարկվում է Անի Հովհաննիսյանի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունը ապահովելու հարցը, ձեւաչափը:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 15:42-ին, «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանին զանգահարել են ՌԴ-ում գրանցված բջջային հեռախոսահամարից եւ սպառնացել, որ եթե նա շարունակի «քիթը խոթել» այնտեղ, որտեղ պետք չէ, ոչ միայն իր, այլեւ ընտանիքի անդամների համար շատ վատ կլինի: Լրագրողի հարցին, թե ինչի մասին է խոսքը, սպառնացողը պատասխանում է՝ դու գիտես, թե ինչի հետ է կապված: Նա նաեւ նշում է, որ գիտի, թե որտեղ են ապրում Անիի հարազատները եւ նրանց հարցերը լուծելը իր համար ընդամենը մեկ զանգի խնդիր է: «Թե չէ, Անի ջան, կհայտնվես փոսում կամ դու, կամ քո հարազատներից մեկն ու մեկը»,- ասում է սպառնացողը: «Հետքը» դիմել է  Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ձայնագրությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, ու խնդրում է ապահովել Անի Հովհաննիսյանի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունը: «Հետքը» հանցագործության մասին նաեւ գրավոր հաղորդում է փոխանցել ՀՀ ոստիկանությանը՝ նշելով լրագրողին սպառնացողի բջջային հեռախոսահամարը եւ կցելով հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: