Տեղեկությունը, թե մայիսի 5-ին, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը չի մասնակցել ընտրությանը եւ չի քվեարկել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն՝ անդրադառնալով «Հրապարակ» թերթի տեղեկատվությանը:

«Վարդան Օսկանյանը քվեարկել է Գրողների միությունում տեղակայված ընտրատեղամասում՝ ժամը 12-ին, եւ այդ մասին նախապես տեղեկացվել է լրատվամիջոցներին: Ավելին, քվեարկելուց անմիջապես հետո, Գրողների միության բակում, ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին համարը պատասխանել է մոտ երեք տասնյակ լրատվամիջոցի հարցերին»,-ասել է Ուրիխանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ըստ «Հրապարակ թերթի»՝ «Վարդան Օսկանյանը վերջին երկու ընտրությունների ժամանակ գտնվել է Երեւանում, սակայն չի մասնակցել: Նա պետք է քվեարկեր Գրողների միության շենքում տեղակայված ընտրատեղամասում, սակայն չի գնացել քվեարկության: Իսկ Ռ. Քոչարյանը, որը ոչ միայն ԲՀԿ հոգեւոր հայրն է, այլեւ համատեղելիությամբ ՀՀ երկրորդ նախագահը, 2 համապետական միջոցառումների ժամանակ էլ մեկնել է արտերկիր»: