2009թ.-ին ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության կողմից իրականացվել է 6 կարգապահական վարույթ` 9 դատախազի նկատմամբ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, մասնավորապես`1 դեպքում 1 դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ է իրականացվել մասնագիտական վարքագծի կանոնների պահանջները խախտելու համար, 3 դեպքում` 4 դատախազի նկատմամբ, նյութերի նախապատրաստման և քրեական գործերի նախաքննության թերի և մակերեսային դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնելու համար, 1 դեպքում` 2 դատախազի նկատմամբ, լիազորությունների սահմանն անցնելու համար և 1 դեպքում` 2 դատախազի նկատմամբ, ծառայողական պարտականություններն անփույթ կատարելու և չկատարելով պայմանավորված՝ ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման, օրենքը խախտելու և դատախազի հիմնական պարտականությունները չկատարելու համար:

Կատարված աշխատանքների արդյունքում 1 դատախազ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, 3-ը ազատվել են աշխատանքից իրենց դիմումների համաձայն,1 դատախազի նկատմամբ կիրառվել է պաշտոնի իջեցում, 2-ի նկատմամբ նկատողություն, իսկ 2-ը նախազգուշացվել են:

Նույն ժամանակաշրջանում վարչության կողմից անցկացվել է 7 ծառայողական քննություն՝ 11 դատախազի նկատմամբ:

Մասնավորապես`1 դեպքով 1 դատախազի վերաբերյալ ծառայողական քննության անցկացումը կապված է եղել դատախազի մասնագիտական վարքագծի կանոնների պահանջները խախտելու հետ, 1 դեպք 2 դատախազի վերաբերյալ` ՀՀ դատախազության կոլեգիայի պահանջը ոչ հստակ կատարելու և 5 դեպք 8 դատախազի վերաբերյալ` նյութերի նախապատրաստման և քրեական գործերի նախաքննության նկատմամբ թերի և մակերեսային դատավարական ղեկավարում, դատախազական հսկողություն, ինչպես նաեւ ոչ պատշաճ ղեկավարում և վերահսկողություն իրականացնելով պայմանավորված՝ ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետ:

Իրականացված աշխատանքների արդյունքում 10 դատախազ խիստ նախազգուշացվել են, իսկ 1 դատախազ ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: