Հայաստանի ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է իր պաշտոնանկությունը եւ հնարավոր պաշտոնի անցնելու մասին խոսակցությունները:

Նա նշեց, որ ինքն է դիմում գրել ոստիկանապետին` համակարգից իրեն ազատելու խնդրանքով, իր խնդրանքը հարգել են եւ ազատել աշխատանքից: Հարցին, թե ոստիկանապետը չի՞ փորձել համոզել, որ շարունակեք պաշտոնավարել, նա պատասխանեց, որ ոչ, համոզչական գործողություններ ոչ մեկի հետ չեն տարվում, Վլադիմիր Գասպարյանն ընդամենը բացատրություն, հիմնավորում է պահանջել, թե ինչու է նման որոշում կայացրել: Անդրադառնալով ոստիկանապետի հայտարարությանը, թե նրան առաջընթաց է սպասվում, եւ եթե ինքը նկատում է, որ որեւէ մի պաշտոնյայի արդեն առաջխաղացում է հարկավոր, ինքը չի կարող դեմ գնալ դրան, Հովհաննես Քոչարյանն ասաց, որ խոսքը ոչ պետական համակարգում աշխատանքի մասին է, այլ մասնավոր սեկտորում

Հովհաննես Քոչարյանը նշեց, որ աշխատանքից ազատվելու որոշում է կայացրել, քանի որ այլ ոլորտում աշխատանքի անցնելու ծրագրեր ունի: Նա ստեղծել է իրավաբանական գրասենյակ` «Լեքս դոմիունուս» անվամբ, որը տվել էր հավատարմագրային կառավարման, իսկ իր` փաստաբանական գործունեությամբ զբաղվելու 2009թ տրված լիցենզիան էլ ժամանակավորապես կասեցրել էր: Այժմ անձնագրային վարչության նախկին պետը մտադիր է հանել արտոնագիրը կասեցումից եւ զբաղվել փաստաբանական գործունեությամբ:

Հովհաննես Քոչարյանը փաստաբանական գործունեությամբ զբաղվելու որոշում վաղուց էր կայացրել, երկար տարիներ զբաղվել է դասախոսական գործունեությամբ, իրավաբանության թեկնածու է, եւ որեւէ այլ տեղ իրեն չի պատկերացնում: «Ազատությունը եւ անկախությունը սիրող մարդ եմ, իսկ այդ ոլորտներում դրանք ավելի շատ են, քան ոստիկանությունում»:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ համաձայնեցիք ստանձնել Անձնագրերի եւ վիզաների վարչության պետի պաշտոնը, նա պարզաբանեց, որ «ոստիկանությունում ընդունված չէ ասել` չէ, հարմար չէ, չեմ ուզում, եթե ոստիկանապետը տեսնում է, որ պետք է ծառայես այդ ոլորտում, ցանկություններին չեն նայում, նման ազատության իրավունքից չենք օգտվում, քմահաճույքից չենք օգտվում»:

Նախկին պետը հերքեց տեղեկությունները, թե իր պաշտոնավարումը կապված էր ընտրությունների հետ, քանի որ հատուկ գործառույթ էր իրականացնում,

«Հատուկ հանձնարարություններով չեմ աշխատել, ինձ այդ պաշտոնին նշանակելու պատճառն այն էր, որ դեռեւս 2008թ ներգրաված եմ եղել ոլորտում փոփոխություններ անելու ծրագրերին, մասնակցություն եմ ունեցել հայեցակարգերի մշակմանը, օրենսդրական աշխատանքներին,  եւ նշանակվեցի, որպեսզի այդ ամեն ինչը կիրառման մեջ դրվի: Այդ ամեն ինչը համընկավ ընտրությունների հետ, ժամանակային համընկնում էր, ոչ ավելին»,-ասաց Հովհաննես Քոչարյանը:

Դիտարկմանը, թե անձնագրային եւ վիզաների վարչության պետ եք աշխատել դ-վար ժամանակաշրջանում, նոր մեղքեր չե՞ն ծանրացել ձեր խղճին, նա նկատեց, որ մեղքերից իմունիտետ ունի որոշ իմաստով: «Ես ինձ համարում եմ մասնագետ, մի մարդ, որը շատ գնահատում է  իր մասնագիտությունը եւ իրեն միշտ հեռու է պահել մեղքեր գործելուց: Սա որեւէ մեղավոր վարքագծի արդյունք չէ, ընդամենը խնդրել եմ, ինձ ընդառաջել են»,- ասաց նա: Հովհաննես Քոչարյանը լավ կարծիքի է անձնագրային եւ վիզաների վարչության նոր պետ Նորայր Մուրադխանյանի մասին եւ վստահ է, որ նա կկարողանա շարունակել եւ ավարտին հասցնել բարեփոխումները: «Պարոն Մուրադխանյանը պրոֆեսիոնալ ոստիկան է, երկար տարիներ անձնագրային եւ վիզաների վարչության պետ է  աշխատել, շատ փորձառու է, հմուտ է, իմ ընկերն է եւ շատ կարգին անձնավորություն է»,- նշեց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ աշխատանքից ազատվել է Հայաստանի ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Այդ պաշտոնում նշանակվել է Նորայր Մուրադխանյանը, ով այդ նույն պաշտոնից ազատվել էր 2012 թվականի հունվարին, իսկ 2012թ-ի օգոստոսին նա նշանակվել էր ոստիկանության պետի  աշխատակազմի ղեկավար: