Ամերիկյան The Washington Post հեղինակավոր թերթը բավական անսպասելիորեն անդրադարձել է Վրաստանի օմբուդսմեն Սոզար Սուբարիի գործունեությանը։ Հրատարակությունը արձանագրել է, որ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը բավական հաջող է գործում, նրան են դիմում այն մայրերը, որոնք կարծում են, որ իրենց որդիներին ձերբակալել են կեղծ մեղադրանքների հիման վրա, այն տանտերերը, որոնց բնակարանները առգրավվել են, և պետության կողմից անարդարության այլ զոհեր։

Սուբարիի պաշտոնը ստեղծվել է 5 տարի առաջ ի հակակշիռ կառավարությանը, որը բազմաթիվ վրացիների կարծիքով, ավելի ու ավելի միահեծան է դառնում,- գրում է թերթը։ Սուբարիի նման ֆիգուրների բողոքների համապատկերում, նախագահ Սահակաշվիլին ԱՄՆ փոխնախագահի այցի նախօրեին առաջարկել էր ժողովրդավարական մի շարք բարեփոխումներ։ Իր ենթակայության տակ 60 աշխատակիցներ ունեցող օմբուդսմենը քննում է մարդու իրավունքների խախտման դեպքերը և հետևում, թե ինչպես են վերաբերվում ազգային փոքրամասնություններին։ Բողոքների թիվը կտրուկ աճել է՝ տարեկան 1400-ից հասնելով 5100-ի։ Ըստ Սուբարիի, դա մասնակիորն բացատրվում է նրանով, որ իր աշխատանքին ավելի շատ ուշադրություն է դարձվում։ 44-ամյա Սուբարին հաճախ է հայտնվում հեռուստաէկրանին և հանդիպում արտասահմանյան դիվանագետների հետ։ National Democratic Institute-ի (ԱՄՆ) մայիսին անցկացված հարցումների համաձայն, նա ամենահայտնին էր երկու տասնյակ հանրահայտ մարդկանց, այդ թվում իշխող ու ընդդիմադիր քաղաքական գործիչների շարքում, նշում է հրատարակությունը։

«Կառավարության ներկայացուցիչները՝ խոցվելով վրացական դատական ու ընտրական համակարգերի անկախության դեֆիցիտի, ոստիկանության դաժանության ու ԶԼՄ-ների թուլացման մասին նրա զեկույցներից, սովորաբար հայտարարում են, որ Սուբարին քաղաքականապես պարտավորված է»,- գրում է թերթը։ Սուբարին սովորաբար ներկա է գտնվում ընդդիմության ցույցերին։ 2007 թվականին նրան ծեծել են հատուկ ջոկատայինները։ Տարեկան երկու անգամ Սուբարին ելույթ է ունենում խորհրդարանում, որտեղ մեծամասնությունը կազմում են Սահակաշվիլու կողմնակիցները։ Սովորաբար նրա ելույթները տեղի են ունենում գրեթե դատարկ դահլիճում,- նշում է հրատարակությունը։ Ըստ Սուբարիի, իրեն տրամադրվում է գործողությունների ազատություն, քանի որ նա ամրապնդում է կառավարության ժողովրդավարական իմիջը։ Ճիշտ է, սեպտեմբերին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը, և խորհրդարանը հազիվ թե թողնի նրան իր պաշտոնում։

NEWS.am-ի կողմից նշենք, որ վերջին ժամանակներս բավական ակտիվորեն է հանդես գալիս նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։ Նրա աշխատանքը մեծապես աչքի ընկավ անցյալ տարվա մարտին Հայաստանում քաղաքական ապակայունացման ժամանակաշրջանում։ Սակայն մարտյան իրադարձությունների Փաստահավաք խմբի լուծարման հետ կապված պատմությունը տարակուսանք ծնեց Հարությունյանի նպատակաուղղվածության նկատմամբ, քանի որ սկանդալի կենտրոնում էր հայտնվել Օմբուդսմեի գրասենյակից պատվիրակված խմբի անդամներից մեկը։ Այնուամենայնիվ, հայ օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները ակտիվ աշխատանք են տանում քաղաքացիների բողոքների հավաքման ու քննման շուրջ, այցելում են բանտեր, հանդես են գալիս պաշտոնական իշխանություւններին ուղղված համարձակ հայտարարություններով ու քննադատությամբ։ Վրաստանի ու Հայաստանի ֆոնին բավական անշուք տեսք ունի Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովայի աշխատանը։ Վերջինս ճշտապահորեն բոլոր ընտրությունները ճանաչում է կայացած ու արդար, գործնականում չի խոսում սոցիալական խնդիրների ու կոռուպցիայի, բանակում ու բանտերում տիրող ամենաթողության մասին, կարծես թե Ադրբեջանում այդ ամենը չկա։ Թեև Սուլեյմանովայից այլ վարքագիծ սպասելը ծիծաղելի կլիներ, ինչպես և ծիծաղելի է Ադրբեջանում հաստատված կառավարման միապետական համակարգում օմբուդսմենի ժողովրդավարական պաշտոնը։