Հունիսի 24-ին սկսվեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու այցը Հայաստան։ Ինչպես և սպասվում էր՝ նա անդրադարձավ հայ-վրացական օրակարգի շատ հարցերի։ Վրաստանի նախագահը խոստացավ ներդրումներ կատարել հայաբնակ Ջավախքի տարածաշրջանում և զարգացնել այնտեղ դահուկային զբոսաշրջությունը։

«Անձամբ կզբաղվեմ, որպեսզի հայ-վրացական սահմանը հատելն ավելի դյուրին դառնա»,- խոստացավ Սահակաշվիլին։ Ինչ վերաբերում է Վերին Լարսի մաքսակետի վերագործարկմանը, ապա, ըստ Սահակաշվիլու, վրացական կողմը պատրաստ է բացել ճանապարհը, եթե Ռուսաստանն իր կողմից տա նման համաձայնություն։ Վրաստանի նախագահը պատրաստակամություն հայտնեց այդ հարցի շուրջ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, այնուհետեւ նշեց, որ իրենք պատրաստ են բացել ճանապարհը ոչ միայն բեռնատար, այլեւ մարդատար փոխադրամիջոցների համար։

Սահակաշվիլին նաև հայտարարեց, որ բարձր է գնահատում Հայաստանի դիրքորոշումը մի շարք հարցերում, որոնց թվում՝ նաև տարածքային ամբողջականության սկզբունքը և Եվրամիության հետ ինտեգրման հարցերը։ Նա ընդգծեց, որ Հայաստանն ու Վրաստանը մշակում են տարբեր ոլորտների մի շարք համատեղ ծրագրեր՝ հատուկ ուշադրություն հատկացնելով էներգետիկայի, տրանսպորտի, էկոնոմիկայի և տարածաշրջանային անվտանգության ոլորտներին։ Բացի այդ, Սահակաշվիլին նշեց, որ հայ-վրացական փոխհարաբերություններում կարեւոր դեր է խաղում նաև սոցիալական գործոնը։ Մասնավորապես, վրաց առաջնորդի կարծիքով, հարկավոր է պարզեցնել հայ-վրացական սահմանի հատման ընթացակարգը և աջակցել երկու պետությունների միջեւ զբոսաշրջության զարգացմանը՝ ավելացնելով, որ ինքն անձամբ է պատրաստվում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Որպեսզի ժողովուրդների փոխհարաբերությունները զարգանան վերընթացով, հայերն ու վրացիները պետք է ավելի մոտիկից ծանոթանան միմյանց մշակույթներին,- կարծում է նա։ Վրաստանի նախագահի ժամանումը Հայաստան պաշտոնական այց չէ,- հայտարարեց Սահակաշվիլին, քանի որ Հայաստանի ու Վրաստանի միջեւ գոյություն ունեն իսկական երկկողմ հարաբերություններ, մեր երկրները լրացնում են միմյանց և դրանով նպաստում ողջ տարածաշրջանի ամբողջականությանը։

Հետաքրքիր է, որ Վրաստանի նախագահն օգտագործեց նաև այս հնարավորությունը, որպեսզի դիմի իր հայրենի ընդդիմությանը և երկխոսություն սկսելու կոչ անի. «Մենք պատրաստ ենք բաց քննարկումների։ Ես կուսակցություններին պատասխանատվությամբ վերաբերվելու եւ երկխոսության գնալու կոչ եմ անում։ Չի կարելի երկիրը հանձնել թշնամուն։ Ինչքան էլ մենք չսիրենք միմյանց, միեւնույն է, մենք ունենք մի երկիր և հանձնել այն չի կարելի»,- հատարարեց Սահակաշվիլին։

Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 24-ի հրամանագրի համաձայն, Վրաստանի նախագահը պարգեւատրվեց ՀՀ Պատվո շքանշանով ՝ հայ-վրացական բազմադարյա բարեկամության, ինչպես նաև երկու երկրների համագործակցության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար։