NEWS.am-ի զրուցակիցը ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, «Անալիտիկոն» ամսագրի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանն է
Այսօր շատերն են խոսում պատերազմի վերսկսման մասին: Որքանո՞վ եք իրական համարում դրա հավանականությունը եւ ինչի կարող է դա հանգեցնել:
Որքանով որ ես եմ հասկանում, պատերազմն այսօր ձեռնտու չէ ոչ մեկին: Ձեռնտու չէ, ի դեպ, նաև հիմնախնդրի կարգավորումը: Ըստ երևույթին, բոլորին ձեռնտու է ներկայիս ստատուս-քվոն, ընդ որում` մեկին, կարող է, ճարահատ ձեռնտու է, մյուսի համար իրապես այդպես է, երրորդը ժամանակ է շահում: Որքան էլ որ կողմերը խոսում են ստատուս-քվոյի պահպանման անընդունելիության մասին, նույնքան էլ իրականում նպաստում են դրա պահպանմանը և այլ խնդիրներ լուծում: Ժամանակը ցույց կտա, թե ում հաշվարկներն էին ճիշտ:
Ներկայումս բանակցությունների ակտիվացմանը զուգահեռ օրակարգում նշվում է նաեւ ԼՂՀ հարակից տարածքների վերադարձնել-չվերադարձնելու հարցը: Ձեր կարծիքով, ինչի՞ դիմաց կարելի է, որ որոշ տարածքներ հանձնվեն Ադրբեջանին, թե՞ ընդհանրապես դեմ եք նման մոտեցմանը (խոսքը «տարածքներ` կարգավիճակի դիմաց» բանաձեւի մասին է):
Սա նախ և առաջ անվտանգության ոլորտի խնդիր է: Ըստ էության, առաջարկվում է անվտանգության մեր սեփական համակարգը փոխարինել մեկ այլ` «ոչ տեղական արտադրության» համակարգով, որում մեր ներկայությունը սիմվոլիկ է: Սա շատ վտանգավոր է եւ անգամ խաղաղապահների ներկայությունը մեզ համար բավարար պայման չէ անվտանգության մեր համակարգից հրաժարվելու համար: Ինչպես օրերս հստակ պարզաբանել է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, այն հանգամանքը, որ ԼՂՀ ինքնիշխանությունը դեռևս չի ճանաչվել միջազգային հանրության կողմից և, ըստ այդմ էլ, երկիրը ներկայացված չէ միջազգային կառույցներում, կարող է հանգեցնել նրան, որ Ղարաբաղը չի ունենա այդ ուժերի վրա ազդելու միջազգային իրավունքով երաշխավորված որևիցե լծակ:
Ընդհանրապես, անհասկանալի է, երբ ասում են «տուր հրացանդ, և ես կապահովեմ քո անվտանգությունը»: Հրացանով, կարծես, մենք ավելի անվտանգ ենք: Հրացանն անպայման պատերազմ չի նշանակում, և դա այն դեպքը չէ, երբ պիեսի սկզբում ուշադրություն գրաված հրացանն անպայման պիտի կրակի պիեսի վերջում: Մեր անվտանգության մասին իբր թե հոգացողներին սկզբունքորեն չպիտի խանգարի անվտանգության մեր սեփական համակարգը:
Ինչ վերաբերում է տարածքային զիջմանն ընդհանրապես դեմ լինել-չլինելուն, ապա եթե վերանանք ամեն ինչից` կարելի է զանազան տարբերակներ քննարկել: Բայց մենք ապրում ենք իրական, այլ ոչ թե վերացական աշխարհում: Պաշտոնական Բաքվի ներկայիս ռազմական հռետորության, Ադրբեջանում ներկայիս հակահայ հիստերիայի պայմաններում անիմաստ է նման հարցեր ոչ միայն լրջորեն քննարկել, այլև մտածել անգամ:
Ինչպե՞ս եք գնահատում մադրիդյան սկզբունքները: Հատկապես ինչպե՞ս եք վերաբերում տարիներ անց Ղարաբաղում քվեարկություն անցկացնելու մասին դրույթին: Դա իրական շա՞նս է, թե՞ հերթական ծուղակ:
Ըստ իս, ոչ շանս է, ոչ էլ ծուղակ: Մենք այդ քվեարկության դասին, արդեն եղել ենք և իմաստ չունի նույն դասարանում նորից մնալ: Ընդհանրապես, գտնում եմ, որ մեր իշխանությունները ճիշտ կանեին, որ չմոլորվեին շանսի ու ծուղակի գնահատման որոնումներում, այլ խթանեին ազատ ու ժողովրդավարական երկրի կառուցումը: Մենք ենք մեզ թե շանս տվողը, թե ծուղակի մեջ գցողը: Քաղաքակիրթ երկիր ունենալը անվտանգության ամենամեծ երաշխիքը կլիներ, ամենամեծ շանսն ու ծուղակից խուսափելու ամենալավ կողմնացույցը:
Ձեր կարծիքով, ներկա պայմաններում ի՞նչ պետք է անի հայկական կողմը: Համամի՞տ եք մոտեցմանը, որ Հայաստանը պետք է հրաժարվի հանդես գալ ԼՂ անունից, իսկ եթե դա չի անում, ապա ԼՂՀ իշխանությունները հայտարարեն, որ ՀՀ-ին չեն լիազորել իր անունից հանդես գալ:
Այս մասին այնքան շատ է խոսվել, որ արդեն իմաստազրկվել է ամեն ինչ: Երբ ասում են. «Հայաստանը պիտի», ապա ինձ համար դա այնքան էլ հասկանալի չէ: Այսինքն, հասկանալի է, երբ դա Հայաստանում են ասում, փորձելով ազդել սեփական իշխանությունների վրա, բայց ահա երբ նույնը կրկնում են Ղարաբաղում, ապա դա ինձ համար միանգամայն անհասկանալի է: Մեզ չէր խանգարի նախ և առաջ իմանալ, թե մենք ի՞նչ ՊԻՏԻ անենք: Թե չէ սովորել ենք նամակներ հղել ամենուր, դիմել բոլորին, պահանջել, որ հարգեն մեր իրավունքները և դրանով էլ ինքնահանգստանալ: Ինչ խոսք, շատ վատ է, որ Հայաստանը մենաշնորհել է հայկական երկու կողմերի իրավունքները, բայց նաև պիտի նկատել, որ դա հնարավոր եղավ արցախյան կողմի լուռ կամ անդրկուլիսյան համաձայնությամբ: Ի վերջո, չպիտի մոռանալ, որ Հայաստանը մենաշնորհել է ոչ միայն իրավունքները, այլև պատասխանատվությունը: Հենց այս վերջին հանգամանքից են մերոնք վախենում: Արցախյան կողմի համար այսպես ավելի հանգիստ էր: Կարծում եմ, որ երբ արցախյան կողմը սկսի ինքնուրույն ու արժանապատիվ քաղաքականություն վարել, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի: Պատճառն այստեղ պիտի որոնել:
Երբ եւ որ սխալի հետեւանքով Ղարաբաղը դուրս մղվեց բանակցություններից:
Այն պահից, երբ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ և որպես ղարաբաղցի սկսեց ներկայացնել նաև Ղարաբաղը: Միգուցե սա զուտ մարդկային հարաբերությունների առումով փոքրիշատե ընկալելի էր, բայց պետական հարաբերությունների մակարդակում այն պարզապես աբսուրդ էր:
Վերջերս Կիրո Մանոյանը հայտարարեց, թե ճիշտ էր, որ 1998-2002 թվականներին, այսինքն Քիվեսթի բանակցություններում Ղարաբաղը չէր մասնակցում բանակցություններին, քանի որ խնդիր էր դրվել Ղարաբաղը ՀՀ-ին միացնելու: Կիսո՞ւմ եք այդ մոտեցումը:
Դժվար է կարծիք հայտնել մի գործընթացի մասին, որի մասին գրեթե ոչինչ չգիտես, իսկ քիվեսթյան պատմությունը մթության քողով է պատված: Բայց նման կարծիքը կամ դիրքորոշումը ինձ համար սկզբունքորեն անհասկանալի ու անընդունելի է: Մեզնից թաքուն ուզում էին մեզ երջանկացնե՞լ: Մենք հո Մոխրոտի՞կը չենք:
Հարցազրույցը վարեց Արթուր Վահանյանը




























