Այսօր տարածաշրջանում եւ նախկին ԽՍՀՄ երկրների շարքում միայն Հայաստանում կա հակակարկտային ծառայություն. մենք ունենք 2 ռադիոլոկացիոն կայան` Լոռիի եւ Արագածոտնի մարզերում, եւ 154 հակակարկտային կայան: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԻՆ-ում տեղի ունեցած ասուլիսում նշել է ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը՝ հավելելով, որ Հայաստանի տարածքը կարկտահարությունից ավելի արդյունավետ պաշտպանելու համար ավելի շատ նման կայաններ են հարկավոր:
Անդրադառնալով մայիսի 12-ին տեղի ունեցած կարկտահարությանը, ասուլիսի մոյսւ բանախոսը՝ «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը նշել է. «Չորս մարզերում գործող հակակարկտային կայանները պաշտպանում են 50 հազար հեկտար տարածքից 13 հազարը: Մեկ կայանը պաշտպանում է միայն 500 քմ մակերեսով տարածք: Դրանք ավտոմատացված են եւ դեպի կարկտաբեր ամպը մոտ 50 հազար կրակոց է արձակվել` մեր վերահսկողության տակ գտնվող բոլոր կայաններից միասին վերցված: Սակայն, քանի որ այդպիսի կայանների քանակն այսօր քիչ է, իսկ կարկտահարությունը շատ ուժեղ էր, հնարավոր չեղավ խուսափել աղետալի հետեւանքներից: Այժմ աշխատանքներ են տարվում հանրապետության տարածքում գտնվող բոլոր հակակարկտային կայանները, որոնք տեղադրվել են անհատ ձեռներեցների եւ գյուղապետերի կողմից, վերցնել մեր վերահսկողության տակ, որպեսզի դրանց աշխատանքն ավելի արդյունավետ լինի: Նման կայանների գործարկման եւ սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը կհոգա պետությունը: Նախատեսվում է ապագայում եւս 1200 հակակարկտային եւ նոր ռադիոլոկացիոն կայաններ տեղադրել Հայաստանի տարածքում: Ներկայումս ԱԻ նախարարությունում աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Նախորդ տարի հանրապետություն նման հզոր կարկտահարություններ չեն եղել եւ գործող կայանները շատ արդյունավետ են աշխատել»:
Նրա խոսքով՝ հակակարկտային կայաններն աշխատում են պրոպան գազով, որն ավելի մատչելի է ու անվտանգ, քան ացետիլենը, սակայն ունի նույն արդյունավետությունը։ ՀՀ ԱԻՆ համակարգի հսկողության տակ գտնվող հակակարկտային կայանների մյուս առավելությունն այն է, որ դրանց կրակոցները դեպի կարկտաբեր ամպեր ուղղորդվում են ռադիոլոկացիոն կայաններից ստացված տվյալներով, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ ներգործություն իրականացնել տվյալ մթնոլորտային երեւույթի վրա։ Կարկտաբեր ամպերի շարժումը եւ զարգացումը, ինչպես նաեւ կայանների իրականացրած բոլոր կրակոցներն ավտոմատ կերպով ամրագրվում են համակարգիչներում` վայրկյան առ վայրկյան։ Մինչդեռ մարզերում կան մասնավոր ընկերությունների կողմից տեղադրված կամ համայնքի կողմից շահագործվող բազմաթիվ կայաններ, որոնք չունեն այդ հնարավորությունը եւ իրականացնում են կամային կրակոցներ, ինչը կարող է հանգեցնել միանգամայն հակառակ արդյունքի, այսինքն` առաջացնել կարկտի տեսքով տեղումներ ու վնասել բերքը։
ՀՀ ԱԻՆ հակակարկտային ծառայության աշխատանքի մեթոդը, որն այսօր կիրառվում է Հայաստանում, ամբողջ աշխարհում ապացուցել է իր արդյունավետությունը: Նման եղանակով են աշխատում նաեւ Բրազիլիայի, Արգենտինայի եւ Ֆրանսիայի հակակարկտային համակարգերը։




























