Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության և իսրայելական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար դատապարված Աքիլ Քեշավարզին։ Ինչպես հաղորդում է իրանական Mizan գործակալությունը, դատավճիռն ի կատար է ածվել 2025 թվականի դեկտեմբերի 20-ի լուսաբացին (շաբաթ օրը)՝ Իրանի Գերագույն դատարանի կողմից հաստատվելուց հետո։
Իրանական կողմի տվյալներով՝ Քեշավարզը ձերբակալվել է այն բանից հետո, երբ իրանական բանակի անվտանգության ծառայության աշխատակիցները նկատել են, որ նա լուսանկարում է Ուրմիայում գտնվող հետևակային դիվիզիայի շտաբի շենքը։ Դա տեղի է ունեցել 2025 թվականի ապրիլ-մայիս ամիսներին։ Իշխանությունների փոխանցմամբ՝ նրա հեռախոսի ստուգման ընթացքում հայտնաբերվել է Իսրայելի հետ կապ ունեցող մի անձի հետ նամակագրություն, որը ներկայացել է «Օշեր» անունով։
Իրանի իշխանությունների փոխանցմամբ՝ Քեշավարզի հյուրանոցային համարի խուզարկությամբ հայտնաբերվել է ծածկագրված նոթատետր, որում գրանցված են եղել ուժային և ռազմական մի շարք կառույցների անվանումներն ու հասցեները։ Դրանից հետո կասկածյալին կալանավորել են։
Քննության պնդմամբ՝ Քեշավարզը կապ է հաստատել իսրայելական հատուկ ծառայությունների հետ համացանցի միջոցով, ինչպես նաև առանձին հարաբերություններ է ունեցել իսրայելական բանակի և «Մոսադի» հետ։ Ըստ քննության վարկածի՝ սկզբում նա իսրայելական կողմին տեղեկություններ է փոխանցել մի պահեստի մասին, որը, ենթադրաբար, կարող էր օգտագործվել հրթիռների արտադրության համար։ Դրանից հետո, ինչպես պնդում են իրանական իշխանությունները, իսրայելական կողմը խնդրել է նրան լրացուցիչ տվյալներ տրամադրել։
Գործի նյութերում նշվում է, որ հետագայում Քեշավարզը տեղեկություններ է փոխանցել այլ շենքերի ու օբյեկտների մասին, ինչպես նաև կատարել է որոշակի վայրեր լուսանկարելու, հետևման սարքեր տեղադրելու, հարցումներ անցկացնելու և տրանսպորտային երթուղիներն ուսումնասիրելու առաջադրանքներ։ Իրանի իշխանությունները պնդում են, որ մինչ ձերբակալությունը նա Թեհրանում, Սպահանում, Ուրմիայում և Շահրուդում իրականացրել է նման ավելի քան 200 հանձնարարություն։
Բացի այդ, քննությունը Քեշավարզին մեղադրել է մի կազմակերպության հետ համագործակցելու մեջ, որին իրանական իշխանություններն անվանում են «մոջահեդների ահաբեկչական խմբավորում» (MEK կամ «Մոջահեդին-ե Խալք»): Գործի տվյալներով՝ 2022-2023 թվականներին նա Telegram-ի միջոցով կապ է պահպանել դրա հետ կապված միավորումներից մեկի հետ, փոխանցել է լուսանկարներ և կատարել կարգախոսներ գրելու հանձնարարություններ։
Իրանի իշխանությունները նաև հայտարարել են, որ իսրայելական «Մոսադ» հետախուզական գործակալությունը Քեշավարզին առաջադրանքները կատարելուց հետո փոխանցումներ է արել կրիպտոարժույթով։ Քննության տվյալներով՝ նա ինքնուրույն է իսրայելցի համակարգողին տրամադրել իր կրիպտոպահանակի տվյալները և վճարումներ ստացել յուրաքանչյուր գործողությունից հետո։
Ինչպես հաղորդում են իրանական իշխանությունները, Քեշավարզն ընդունել է իսրայելական կառույցների հետ համագործակցելու և նրանց տեղեկություններ փոխանցելու փաստը։ Նախաքննության ավարտից հետո նրան մեղադրանք է առաջադրվել Իսրայելի օգտին լրտեսություն անելու, ինչպես նաև նրա հետախուզական ու ուժային կառույցների հետ համագործակցելու համար։
Իշխանությունների փոխանցմամբ՝ դատարանն ուսումնասիրել է գործի նյութերը, այդ թվում՝ ռազմական և ուժային օբյեկտների լուսանկարները, տեխնիկական տվյալներն ու մեղադրյալի ցուցմունքները, որից հետո նրան դատապարտել է մահապատժի։ Գերագույն դատարանի կողմից դատավճռի հաստատումից և իրավական բոլոր ընթացակարգերի ավարտից հետո այն ի կատար է ածվել։




























