Եվրոպական երկրները քննարկում են էներգետիկ ընկերությունների գերշահույթի համաեվրոպական հարկ սահմանելու հնարավորությունը՝ նավթի, գազի և ավտովառելիքի գների կտրուկ աճի ֆոնին, գրում է The Guardian-ը։

Այս նախաձեռնությանը կողմ են ԵՄ մի շարք երկրներ, սակայն Եվրոպական հանձնաժողովը դեռևս չի նախատեսում հարկման միասնական մեխանիզմ ներդնել։

Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Կլինգբայլը Եվրոհանձնաժողովին կոչ է արել նավթային ընկերությունների «չափազանց մեծ շահույթների» հարկման հնարավոր տարբերակները ներկայացնել մինչև ԵՄ ֆինանսների նախարարների հոկտեմբերյան հաջորդ հանդիպումը։ Նրա խոսքով՝ եվրոպացիները տեսնում են, թե ինչպես են նավթային ընկերությունները «օգտվում իրավիճակից»՝ բարձրացնելով գներն ու էապես ավելացնելով իրենց եկամուտները։

Քննարկումներն ընթանում են էներգակիրների թանկացման ֆոնին․ նավթի գինը կրկին գերազանցել է բարելիկ համար 100 դոլարը, ինչը մոտ 50%-ով բարձր է Իրանի դեմ պատերազմից առաջ եղած ցուցանիշից։ Գների աճը պայմանավորված է մատակարարումների խափանումներով և Մերձավոր Արևելքում հիմնական երթուղիների անվտանգության սպառնալիքներով։

ԵՄ երկրներում բենզալցակայանների գները ռեկորդային ցուցանիշների են հասել։ Գերմանիայում դիզելային վառելիքի միջին գինը շաբաթվա միջնամասում հասել է 2,45 եվրոյի՝ մեկ լիտրի համար, իսկ բենզինինը՝ 2,31 եվրոյի։ Նիդեռլանդներում գներն էլ ավելի բարձր են․ մեկ լիտր դիզելը արժե շուրջ 2,78 եվրո, իսկ բենզինը՝ 2,73 եվրո։ Ընդհանուր առմամբ, ԵՄ-ում տարվա ընթացքում բենզինը թանկացել է 24%-ով, դիզելը՝ 38%-ով, իսկ ավիացիոն վառելիքի գինը ավելի քան կրկնապատկվել է։ Գազի գինն աճել է մոտ 150%-ով։

Էկոնոմիկայի հարցերով եվրոհանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ այս փուլում Բրյուսելը չի պլանավորում գերշահույթի հարկման համաեվրոպական մեխանիզմ ստեղծել։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Եվրահանձնաժողովը պատրաստ է քննարկել նման նախաձեռնությունը, իսկ առանձին երկրներ իրավունք ունեն սեփական հարկերը սահմանել։

Գների աճն արդեն լուրջ ներքաղաքական խնդիր է դարձել եվրոպական մի շարք կառավարությունների համար։ Հաջորդ տարի ընտրություններ են սպասվում, մասնավորապես, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և Լեհաստանում, ուստի իշխանությունները փորձում են մեղմել վառելիքի թանկացման ազդեցությունը բնակչության վրա։

Իտալիան հայտարարել է հաջորդ տարվանից 14,5 միլիոն ավտոմեքենայի և մոտոցիկլետի համար ճանապարհային հարկը չեղարկելու մասին։ Ֆրանսիան երկարաձգել է գյուղատնտեսության, ձկնորսության և շինարարության ոլորտների համար վառելիքի արտակարգ սուբսիդիաները, իսկ Իսպանիայում սեպտեմբերից ավելացվել է դիզելային վառելիքի զեղչը։

Գերմանիայի կառավարությունը նույնպես աջակցության միջոցներ է պատրաստում ռեկորդային գների ֆոնին։ Ընդ որում, գերշահույթի հարկի շուրջ քննարկումները դուրս են գալիս առանձին երկրների սահմաններից․ Գերմանիան, Իսպանիան, Պորտուգալիան, Իտալիան, Լեհաստանը և Ավստրիան Եվրահանձնաժողովին կոչ են անում դիտարկել համաեվրոպական քայլեր ձեռնարկելու հնարավորությունը։