Ամերիկյան ռազմական հետախուզության մեջ արհեստական բանականության թույլ տված սխալը քիչ էր մնում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բախման պատճառ դառնար Իրանի դեմ պատերազմի ընթացքում։
Ինչպես հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ չորս աղբյուրների, ամերիկացի զինվորականների շրջանում տարածված հետախուզական զեկույցում սխալմամբ նշվել էր, թե Մերձավոր Արևելքում գտնվող չինական նավը տեղափոխում է միջուկային զենքի ծրագրի բաղադրիչներ։
Զեկույցի տարածումից հետո ԱՄՆ զինուժը սկսել էր նախապատրաստվել նավի կալանավորմանն ու զննմանը։ Երկու աղբյուրի փոխանցմամբ՝ զինված զինծառայողներն արդեն պատրաստվում էին բարձրանալ նավի տախտակամած, իսկ ևս երկու աղբյուր հայտնել են, որ օդ էին բարձրացվել ռազմական ինքնաթիռներ։
Գործողությունը կասեցվել է միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները սկսել են ավելի մանրակրկիտ ստուգել ստացված տվյալները։ Պարզվել է, որ զեկույցը կազմվել էր արհեստական բանականության կիրառմամբ, և վերլուծաբանի օգտագործած չաթ-բոտը սխալ էր որոշել չինական նավի բեռի բնույթը։
CNN-ի տվյալներով՝ ԱՄՆ Հատուկ գործողությունների հրամանատարության վերլուծաբանը չաթ-բոտն օգտագործել էր նավի բեռի վերաբերյալ հետախուզական տվյալները մշակելու համար։ Համակարգը բաց աղբյուրների տվյալները համադրել էր ԱՄՆ իշխանությունների տնօրինության տակ եղած գաղտնի ռադիոէլեկտրոնային հետախուզության նյութերի հետ և բեռի վերաբերյալ սխալ եզրահանգում արել։ Այնուհետև ԱԲ-ի աշխատանքի արդյունքներն օգտագործվել էին ստանդարտ հետախուզական զեկույց պատրաստելու համար, որն էլ տարածվել էր զինվորականների շրջանում։
Թե ինչ էր իրականում տեղափոխում նավը, պարզել չի հաջողվել։ CNN-ին նույնպես չի հաջողվել ճշտել, թե կոնկրետ ԱԲ որ ծառայությունն էր օգտագործել վերլուծաբանը՝ առևտրայի՞ն չաթ-բոտ, թե՞ հատուկ ԱՄՆ կառավարության համար մշակված համակարգ։
Աղբյուրներից մեկը հետախուզական զեկույցն անվանել է «լիովին կեղծ» և հայտարարել, որ տեղի ունեցածը «քիչ էր մնում պատերազմի հանգեցներ»։ Չինական նավի դեմ ամերիկյան ռազմական գործողության հնարավոր հետևանքները կարող էին ծայրահեղ ծանր լինել երկու գերպետությունների ուղղակի բախման ռիսկի պատճառով։
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ զինված ուժերում արհեստական բանականության կիրառման ընդլայնման ֆոնին։ Հունվարին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել էր բանակում ԱԲ արագացված ներդրման ռազմավարության մասին։




























