Պենտագոնը հրապարակել է «չճանաչված թռչող օբյեկտների» (առավել հայտնի որպես ՉԹՕ) վերաբերյալ նյութերի հերթական՝ թվով վեցերորդ փաթեթը։
Նոր փաթեթը ներառում է 71 ֆայլ, այդ թվում՝ գաղտնի ռազմական ծրագրի մասին փաստաթղթեր, որի շրջանակում ուսումնասիրվել են տարածության աղավաղման (վորպ) շարժիչներ, որդնախոռոչներ, հակագրավիտացիա, բացասական զանգված և քողարկման տեխնոլոգիաներ։ Այս մասին հաղորդում է CBS News-ը՝ ուսումնասիրելով հրապարակված նյութերը։
Հրապարակված 71 ֆայլերից 67-ը տրամադրել է ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը, իսկ մյուս չորսը ստացվել են Կոլորադո նահանգի իրավապահ մարմիններից։ Փաթեթում առկա է 55 PDF փաստաթուղթ, 15 տեսանյութ և մեկ ձայնագրություն։ Նյութերի մեծ մասում (71-ից 64-ում) կան գաղտնազերծման նպատակով արված խմբագրումներ (տեղեկատվության հեռացումներ)։ Փաստաթղթերն ընդգրկում են 1952-ից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածը։
Ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում են Առաջադեմ աերոտիեզերական սպառազինության համակարգերի կիրառման ծրագրի (AAWSAP) վերաբերյալ նյութերը։ Այս ծրագիրը ստեղծվել է 2008 թվականին ԱՄՆ Պաշտպանության նախարարության Հետախուզական վարչության կողմից՝ հնարավոր աերոտիեզերական սպառնալիքներն ու ապագայի տեխնոլոգիաներն ուսումնասիրելու նպատակով, և գործել է մինչև 2012 թվականը։
AAWSAP-ի շրջանակում պատրաստվել են Հետախուզական վարչության 37 այսպես կոչված տեղեկատվական փաստաթղթեր (Defense Intelligence Reference Documents, DIRDs), որոնք նվիրված են, մասնավորապես, վորպ-շարժիչներին, որդնախոռոչներին, հակագրավիտացիային, բացասական զանգվածի հիմքով շարժիչներին և անտեսանելիության տեխնոլոգիաներին։
Ընդ որում՝ Պենտագոնը հատուկ ընդգծել է, որ այս փաստաթղթերը պետք է դիտարկել զուտ որպես տեղեկատվական և ամփոփիչ նյութեր, այլ ոչ թե ինքնուրույն հետազոտությունների արդյունք։ Գերատեսչությունում նշել են, որ դրանց հրապարակումը չի նշանակում, թե նկարագրված հայեցակարգերը գիտական հաստատում են ստացել։
2010 թվականին պատրաստված փաստաթղթերից մեկը վերաբերում է մարդու օրգանիզմի վրա անոմալ աերոտիեզերական համակարգերի ենթադրյալ ազդեցության դեպքերին։ Դրանում նկարագրված են երեք անձինք, որոնք անհայտ միջադեպից հետո ունեցել են տարբեր ախտանիշներ՝ մաշկի կարմրություն, ջերմության զգացում և մազաթափություն։ Դեպքերից մեկում փաստաթղթի հեղինակը հիշատակել է ճառագայթային հիվանդության նշաններ և չարորակ նորագոյացությունների հետագա զարգացում։
Ազդեցության աղբյուրը պարզել չի հաջողվել։ Հետազոտողն այս դեպքերը համեմատել է ռադիոհաճախականային ճառագայթման ազդեցության հայտնի դրվագների հետ և ենթադրել, որ որոշ առաջադեմ համակարգեր գուցե արդեն գոյություն ունեն, թեև դրանց բնույթը դեռևս անհասկանալի է ամերիկացի մասնագետների համար։
Նոր փաթեթում ներառված են նաև Մերձավոր Արևելքում ռազմական տեսախցիկներով արված անհայտ օբյեկտների տեսանյութեր։ Դրանցից մեկում 2022 թվականին ֆիքսված օբյեկտը շարժվել է մոտ 130-290 կմ/ժ արագությամբ։ Մեկ այլ դեպքում զինվորականները նկատել են վեց փոքր գնդաձև օբյեկտներ, որոնք, ըստ զեկույցի, հաճախակի փոխել են շարժման ուղղությունը։ Երկու դրվագներն էլ շարունակում են մնալ անբացատրելի։
Չորս տեսանյութ տրամադրել են Կոլորադոյի իրավապահ մարմինները։ Դրանք նկարահանվել են բջջային հեռախոսներով՝ 2023 թվականի հոկտեմբերին։ Զեկույցներից մեկում նկատված օբյեկտը նկարագրվել է որպես անձայն՝ ուղեկցվող թարթող կարմիր, կապույտ և կանաչ լույսերով։
Պատմական նյութերի թվում են ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպա Էդվարդ Ռուփելթի՝ 1952 թվականի ելույթի մեկժամյա ձայնագրությունն ու դրա սղագրությունը։ Նա պատմել է ՉԹՕ-ների մասին 800 հաղորդումների հետաքննության մասին և նշել, որ դրանց մոտ 20%-ն այն ժամանակ մնացել է անբացատրելի։ Հետագայում Ռուփելթը ղեկավարել է «Կապույտ գիրք» (Project Blue Book) նախագիծը՝ ՉԹՕ-ների մասին հաղորդագրությունների հետաքննության ԱՄՆ ռազմաօդային ուժերի ծրագիրը, որը գործել է 1952-1969 թվականներին։
Նոր փաթեթի հրապարակմանը նախորդել էր Պենտագոնի որոշումը, որով թույլատրվում էր նախկինում չբարձրաձայնելու մասին համաձայնագրեր կնքած ներկա և նախկին աշխատակիցներին UAP-ների մասին տեղեկատվություն փոխանցել կառավարությանը։




























