Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանյան ժողովրդավարական «Սոլիդարնոստ» շարժման առաջնորդներից Գարի Կասպարովը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը, որտեղ խոսել է Հարավային Կովկասում ժողովրդավարության իրավիճակի, եւ, մասնավորապես, Հայաստանի մասին։
«Ակնհայտ է, որ ղարաբաղյան խնդիրը ազդում է ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի քաղաքական մթնոլորտի վրա», — նշել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոնն ու հավելել. «Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են անվերջ շահարկել այդ թեման, որպեսզի պահպանեն իրենց իշխանության լեգիտիմության մակարդակը նույնիսկ բոլոր ժողովրդավարական ինստիտուտները երկրում վերացնելու պայմաններում»:
Անդրադառնալով Հայաստանին՝ Կասպարովը նշել է. «Հայաստանում իշխանությունը դե ֆակտո պատկանում է նրանց, ովքեր հենվում էին Ղարաբաղում ռազմական ուժի վրա։ Դա ռազմականացված դիկտատուրայի մի այնպիսի տեսակ է, որն օգտագործում է ինչ-ինչ ժողովրդավարական ընթացակարգեր։ Ընդ որում, նաեւ ակնհայտ է, որ քանի դեռ իշխանական այս կլանը, որը ձեւավորվել է ղարաբաղյան այս պատմության արդյունքում, պատրաստ չլինի հեռանալ, իրական փոփոխություններ տեղի չեն ունենա»:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա ըստ Կասպարովի, այստեղ իրավիճակը մեծապես պայմանավորված է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրներով: «Թեեւ հարկ է արժանին մատուցել Միխայիլ Սահակաշվիլիի իրականացրած բարեփոխումներին, որոնց արդյունքում վրացական պետության կոռումպացվածության եւ ավտորիտարիզմի մակարդակը կտրուկ կերպով նվազեց, այդուհանդերձ, նման պայմաններում իշխանությունը պետք է ամուր երեւա»,- ասել է նա ու հավելել, որ ընդհանուր առմամբ դժվար է պատկերացնել, որ հարավկովկասյան երկրներում հնարավոր է ներքաղաքական իրավիճակի փոփոխություն, քանի դեռ տարածաշրջանի ընդհանուր զարգացմանը խոչընդոտող խնդիրները` հակամարտությունները լուծում չեն ստացել։



















