Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 22-ի իր հրամանագրով հերթական մեդալներն է բաժանել: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, այս անգամ ՀՀ նախագահի հրամանագրով, մայրենի լեզվի օրվա առթիվ, հայ ինքնության պահպանման եւ գաղթօջախներում հայոց լեզվի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվել են Բեյրութի «Հայկազյան» համալսարանի դասախոս Կարո Առաքելյանը (Լիբանան), հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը (Վրաստան), գրող, լեզվաբան Պետրոս Հաճյանը (Արգենտինա), հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Կարապետ Ճուհարյանը (Սիրիա), Թեհրանի ազատ համալսարանի հայագիտական ամբիոնի դասախոս Նորիկ Միքայելյանը (Իրան):