Փետրվարի 25-ին ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում՝ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հայտարարել է, որ Օբամայի վարչակազմը շահագրգռված է «դեպքերի ամբողջական, բաց եւ անկողմնակալ ճանաչման մեջ»։ Նման խուսափողական պատասխան է տվել նա Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին առնչվող հարցերին, որի քննարկումները ամերիկյան Կոնգրեսում տեղի կունենան մարտի 4-ին։
«Asbarez» թերթի համաձայն՝ Քլինթոնը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի նիստին հայտարարել է. «Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին, մեր դիրքորոշումն այն է, որ այդ երկրների կողմից սկսված գործընթացը մեծ օգուտ բերի երկու կողմերին էլ։ Անցած տարվա իր ելույթում Օբաման նշել էր, որ մենք շահագրգռված ենք դեպքերի ամբողջական, բաց եւ անկողմնակալ ճանաչման մեջ, սակայն ամենակարեւորն այն է, որ հայ եւ թուրք ժողովուրդներն իրենց անցյալին առնչվող փաստերն ընդունեն իբրեւ իրենց՝ առաջ շարժվելու ջանքերի անքակտելի մաս»։
Քլինթոնը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ը կսատարի հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական ջանքերին։ «Մենք ցանկանում ենք աշխատել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Թուրքիայի հետ։ Մի քանի ամիս առաջ ես մասնակցում էի Ցյուրիխի բանակցային գործընթացին, ինչի արդյունքում արձանագրությունները ստորագրվեցին։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի առաջ մղենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ լուծում գտնվի ղարաբաղյան հարցում։ Դա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման չէ, սակայն կարեւոր է Կովկասում երկարաժամկետ կայունության հաստատման համար։ Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք մեր ուժերի ներածի չափով»,- նշել է Քլինթոնը։



















