Ապրիլի 14-ին, ժամը 17.10-ին, հիվանդանոցից  ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Կոմիտասի պողոտայի թիվ 52 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտից, «գլխի սալջարդ վերք» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել անհայտ տղամարդու:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ըստ բժշկի տեղեկանքի` նշված անձն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ապրիլի 16-ին   տուժողը, գիտակցության չգալով,  հիվանդանոցում մահացել էր:

Ապրիլի 23-ին  ոստիկանություն էր ներկայացել մի կին եւ հայտնել, որ նույն օրը դիահերձարան է գնացել եւ պարզել, որ նշված տղամարդն իր նախկին ամուսինն է` 1973 թ. ծնված Աշոտ Թորոսյանը:

Փաստի առթիվ ապրիլի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի  2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ   Աշոտ Թորոսյանը մահացել է Կոմիտասի շուկայի հարակից տարածքում ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալված, 1985 թ. ծնված  Արամ Մ.-ի   կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով ստացած վնասվածքներից:

Արամ Մ.-ն կալանավորված է:

Նախաքննությունը շարունակվում է: