Մոսկվայում փետրվարի 26-ին, այսպես կոչված «Խոջալուի կոտորածի» օրը, հերթական անգամ փորձ արվեց կեղծել պատմությունը եւ սուտ առասպելներ ստեղծել…
«President» հյուրանոցի միջոցառմանը հրավիրված էին նաեւ Ռուսաստանում աշխատող հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, եւ երբ հայ լրագրողները հայտարարեցին, թե պատրաստ են ներկա գտնվել այդ շոուին եւ ակտիվ մասնակցություն ցուցաբերել, որոշ ժամանակ անց Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան մամուլի ծառայության աշխատակիցները կապվեցին լրագրողների հետ եւ հայտնեցին, որ հրավերը թյուրիմացաբար է ստացվել եւ չեղյալ են համարել այն: Այս փաստը հայ լրագրողները գնահատեցին որպես եւս մեկ ապացույց այն բանի, որ «միջոցառումը կազմակերպած ադրբեջանցիները, ինչպես միշտ, վախկոտաբար խուսափում են ազնիվ եւ փաստարկված ապացույցից»:
Միեւնույն ժամանակ հայ լրագրողները դիմել են ռուս գործընկերներին՝ խնդրելով ավելի պատասխանատու լինել ադրբեջանական կողմին այսպես կոչված «Խոջալուի կոտորածները» լուսաբանող նյութեր տրամադրելիս, պահանջել այս իրադարձությունների միջազգային ապացույցներ, որպեսզի դրանք նոր հակամարտության բռնկման պատճառ չդառնան:
Արդեն մի քանի տարի է, ադրբեջանական իշխանությունը խաղաղ բնակիչներին սպանելու մեղքը փորձում է բարդել հայերի ուսերին: Ադրբեջանական քարոզչամեքենայի սուտը բթացրել է իր ժողովրդի ուղեղը, եւ այժմ նրանք այդ սուտը պատրաստվում են դուրս բերել միջազգային ասպարեզ:
Որպեսզի ապացուցենք, որ ադրբեջանական կողմը հետ է կանգնել իր իսկ հրավերից, հրապարակում ենք նաեւ հայ լրագրողներին ուղարկված հրավերը:



















