Թուրքական «Hurriyet Daily News» պարբերականը կրկին դիմել է Ստամբուլի Շիշլի համայնքի թաղապետարան՝ կոչով Էրգենկոն պողոտան վերանվանել հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի անունով:
«Մենք կարծում ենք, որ թաղապետարանը պետք է վերանայի իր որոշումը: Սա կլինի փոքր, սակայն կարեւոր քայլ Հրանտ Դինքի հիշատակը հարգելու գործում, ով ջանք չի խնայել փոխընմբռման եւ երկխոսության համար: Այս փոքրիկ քայլը, անշուշտ, կնպաստի դիվանագիտության, քաղաքական եւ սոցիալական ոլորտներում երկխոսությանը»,-գրում է պարբերականը:
Հոդվածի հեղինակը նշում է, որ պողոտայի վերանվանումը պետք է լինի արագ եւ թեթեւ՝ ի տարբերություն շատ ու շատ այլ որոշումների:
«Hurriyet Daily News»-ը կրկին հայտնել է, որ աջակցում է հայ-թուրքական հարաբերություններ կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ համալսարաններում հայոց լեզու դասավանդելու երկրի իշխանությունների նախաձեռնությանը: Պարբերականը կողմնակից է, որ վերանորոգվեն եւ վերականգվեն Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիները:
Պարբերականը նշում է, որ այդ գործընթացները բավականին դժվար են, եւ դրանք կյանքի կոչելու համար Հայաստանի եւ Թուրքիայի հասարակություններում փոփոխություններ են պետք, ինչի համար ժամանակ է պահանջվում: Սակայն պարբերականն ընդգծում է, որ պողոտայի վերանվանումը չպետք է դիտարկվի այդ ամենի համատեքստում:




























