Իտալացի միլիարդատեր, Fastweb ինտերնետային պրովայդերի նախկին գործադիր տնօրեն Սիլվիո Սկալին, ով կասկածվում էր 2 միլիարդ դոլար «լվանալու» մեջ, վերադարձել է Իտալիա: Այս մասին հաղորդում է Ansa գործակալությունը: Վերադարձի ժամանակ նա ձերբակալվել է Հռոմի Չամպինո օդանավակայանում եւ տեղափոխվել Rebibbia բանտ:
Սկալիին ձերբակալելու դատավորի հրահանգի մասին հայտնի է դարձել փետրվարի 24-ին: Հենց այդ ժամանակ Սկալին, ով գտնվում էր Իտալիայի սահմաններից դուրս, հայտարարել է, թե ոչ մի օրենք չի խախտել եւ հետաքննությանն աջակցելու համար պատրաստ է վերադառնալ հայրենիք:
Սկալիի ձերբակալությունը իրականացվել է Իտալիայի հեռուստահաղորդակցության ոլորտում կնքված կասկածելի պայմանագրերի հետաքննության շրջանակում, ինչպես նաեւ 2003-2006 թթ-ին հարկերը չմուծելու համար:
Fastweb ընկերության տնօրենին ձերբակալության հրահանգ տալուց հետ մեկտեղ դատավորը նմանատիպ հրահանգ է տվել նաեւ 55 մարդու ձերբակալության համար:
Forbes ամսագրի տվյալներով, Սկալիի ունեցվածքը 1,2 միլիարդ դոլար է: Գործարարը Fastweb ընկերությունը հիմնադրել է 1999 թվականին, իսկ 8 տարի անց բաժնետոմսերի 18 տոկոսը վաճառել է շվեյցարական Swisscom ընկերությանը:



















