Թուրքիան փակել է հայ-թուրքական սահմանը առանց որեւէ պայմանագրի եւ կարող է բացել այն առանց որեւէ պայմանագրի, ու այդ առումով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շատ ճիշտ պատասխան է տվել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին: Փետրվարի 26-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը, մեկնաբանելով երեկ Կիեւում Սերժ Սարգսյանի հայտարարությունն՝ ուղղված Թուրքիայի ԱԳ նախարարին:
Հիշեցնենք, որ այդտեղ Սերժ Սարգսյանն ասել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը պետք է նվազագույն ժամկետում հանգեցնել տրամաբանական ավարտի, հակառակ դեպքում Երեւանը ետ կկանչի իր ստորագրությունն այդ արձանագրություններից: ՀՀ նախագահը նաեւ ընդգծել է, որ ոչ ոք չի խանգարում Թուրքիայի գործադիր իշխանությանը նույնիսկ նախքան արձանագրությունների վավերացումը բացել Հայաստանի հետ սահմանը:
Նռանյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է բարձրացներ այդ հարցը դեռ մինչեւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը՝ դրանով Անկարայի առաջ նախապայման դնելով: «Մենք պետք է հայտարարեինք, որ նախքան սահմանի բացումը արձանագրությունները չեն ստորագրվի»,- նշել է դաշնակցական պատգամավորը, միաժամանակ անհանգստություն հայտնելով այն փաստի առնչությամբ, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ ԼՂ խնդիրը, հատկապես, որ Երեւանը մշտապես պնդում է, թե այդ երկու խնդիրները միմյանց կապված չեն:



















