ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դիմել է ՀՀ ոստիկանապետին եւ Երեւանի քաղաքապետին` հանրային վայրերում ագրեսիվ ցեղատեսակների շների զբոսանքների խնդրով, սակայն որեւէ քայլ չի ձեռնարկվել իր դիմելուց հետո: Այս մասին հայտարարություն է տարածել Տիգրան Ուրիխանյանը:
«Ցավով կարդացի Հյուսիսային պողոտայում ագրեսիվ ցեղատեսակի շան կատաղությունների մասին պատմությունը: Երկար ժամանակ է արդեն ինչ խոսում եմ, առհասարակ, հանրային վայրերում նման ցեղատեսակների շների զբոսանքների մասին: Համապատասխան օրենքն ու իրավական ակտերը սահմանել են պարտադիր պահանջ, այն է՝ ագրեսիվ ցեղատեսակի բոլոր շները հանրային վայրեր պետք է դուրս բերվեն միմիայն դնչկալներով: Նշված կարգը խախտող շան տերը պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության, բայց ո՛չ այդ նույն վայրերում շրջող ոստիկանները, ո՛չ էլ քաղաքային իշխանության ներկայացուցիչները որեւէ միջոց չեն ձեռնարկում: Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, դեռեւս դեպքից երկու ամիս առաջ, վերը նշված խնդրի առթիվ գրավոր դիմել եմ եւ´ ՀՀ ոստիկանապետին, եւ´ Երեւանի քաղաքապետին: Ինչպես տեսաք, որեւէ միջոց չձեռնարկվեց նաեւ իմ դիմելուց հետո, եւ որպես հետեւանք տեղի ունեցավ այդ սարսափելի դեպքը: Բա որ այդ շունը հարձակվեր մարդու, ասենք որեւէ երեխայի վրա: Եզրակացությունները թողնում եմ ձեզ…»




























