Մայիսի 16-ին ոստիկանությունում տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների եւ «Գելլափ Ինթերնեյշնլ» Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցների հանդիպումը, որը վարել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից նշում են, որ հանդիպման նպատակը վերջին շրջանում մայրաքաղաք Երեւանում եւ հանրապետության բոլոր շրջաններում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների գործունեության գնահատման նպատակով իրականացված հետազոտությունների ամփոփումն էր:
«Գելլափ Ինթերնեյշնլ» Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Նավասարդյանը ներկայացնելով հետազոտությունների արդյունքները նշել է, որ գործունեության ընթացքում իրենք հատկապես անդրադարձել են հետեւյալ ոլորտներին ու խնդիրներին.
- Ոստիկանության վերջին մեկուկես տարվա գործունեության գնահատում.
- Ոստիկանության աշխատանքը 2013 թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ընթացքում.
- 2013թ. ապրիլի 9-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունների գնահատում.
Հանդիպում-քննարկման ընթացքում ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, փոխանցելով ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ուղերձը` նշել է, որ ուրախալի է հետազոտության դրական արդյունքների արձանագրումը, եւ աշխատանքն առաջիկայում կշարունակվի` նպատակ ունենալով հասնել ավելիին:




























