ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, կադրային, այդ թվում մարզպետների փոփոխության հարց չի քննարկվել: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀԿ գործադիր մարմնի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ սա Երեւանի ավագանու ընտրություններից հետո առաջին նիստն է, որի ընթացքում ընտրությունների արդյունքները դրական են գնահատվել:
«Կադրային հարցեր չեն քննարկվել, պետք չի շտապել, առաջ ընկնել: Հենց սկսեն այդպիսի քննարկումներ, այդ մասին կտեղեկացնենք: Նիստում քննարկվել են միայն ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր»,-ընդգծեց Շարմազանովը:
Անդրադառնալով կառավարության ծրագրին, ՀՀԿ մամուլի քարտուղարն ասաց, որ ծրագիրը ներկայացվել է քննարկման եւ երկուշաբթի արդեն կներկայացվի ԱԺ-ում:




























