Հայաստանում ոչ մի կուսակցություն, այդ թվում ՀՀԿ-ն, չի որոշում գազի գինը, հետեւաբար այդ հարցը չի եղել ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստի օրակարգում: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀԿ գործադիր մարմնի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ այդ հարցով զբաղվում են համակապատասխան կառույցները: Շարմազանովը նշեց, որ գազի գինը որոշվում է երկու երկրների տնտեսական հարաբերությունների հիման վրա:
«Նույն ռազմավարական գործընկեր Բելառուսին Ռուսաստանը գազը վաճառում է 189 դոլարով, սակայն բոլորը պետք է հասկանան, որ ոչ մի կուսակցություն, այդ թվում ՀՀԿ-ն, չեն որոշում գազի գինը: Դրա հետ միաժամանակ, պետք է նշել, որ դա չպետք է անդրադառնա հայ-ռուսական ռազմավարական, տնտեսական, մշակութային եւ կրթական հարաբերությունների վրա: Նույնկերպ անընդունելի են հակառուսական տրամադրությունները: Միանշանակ է, որ գազի գնի բարձրացումը կազդի երկրի սոցիալական վիճակի վրա, սակայն կառավարությունը պետք է անի անհրաժեշտ ամեն բան՝ բարելավելու համար հասարակության կարիքավոր խավերի սոցիալական վիճակը, թեթեւացնի թոշակառուների վիճակը: Այդ առումով ՀՀԿ-ն վստահում է երկրի վարչապետին»,-ընդգծեց Շարմազանովը:




























