Հայաստանում ընտրություններն ավարտվեցին 2012-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրություններով, որոնց արդյունքում ժողովրդի մեծամասնությունն ընտրեց ՀՀԿ-ին եւ նրա առաջնորդ Սերժ Սարգսյանին, ու թեեւ քաղաքական ուժերը փորձեցին Երեւանի ավագանու ընտրությունները ներկայացնել իբրեւ համապետական, սակայն այդ ընտրություններում եւս հաղթեց ՀՀԿ-ի թեկնածուն: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀԿ գործադիր մարմնի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Եթե մնացած քաղաքական ուժերը ցանկանում են գալ իշխանության, ապա պետք է սպասեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ-ն իշխանության մաս կազմի, մտնելով իշխող կոալիցիա, Շարմազանովը պատասխանեց. «Ես բազմիցս հայտարարել եմ, որ երբ ԲՀԿ-ն դուրս եկավ կոալիցիայից, ՀՀԿ-ում ոչ միայն չի քննարկվել ԲՀԿ-ի վերադարձի հարցը, այլեւ այդ մասին ոչ ոք չի էլ հիշատակել»:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն չի կարող դառնալ ընդդիմություն, Շարմազանովը նկատեց, որ Ծառուկյանն արտահայտել է իր կարծիքը, որը սառը ցնցուղ էր որոշ քաղաքական գործիչների համար: