Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի «Պալացցո Կոպպինի» համալիրում բացվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի առաջին ռեկտոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Արեստ Բեգլարյանի անվան սրահ: «Պալացցո Կոպպինի» համալիրն ունի հարուստ գրադարան, թանգարան, ինչպես նաեւ ընդարձակ սրահներ հագեցած տեխնիկական բազայով՝ համապատասխան ուսումնական ծրագրեր իրականացնելու, ցուցահանդեսներ կազմակերպելու համար:

Ֆլորենցիայի «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամի հրավերով միջոցառմանը մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը: Իր ելույթում Վ. Եղիազարյանը ներկայացրել է Արեստ Բեգլարյանի կենսագրությունը, կարեւորելով հայրենիքում եւ Իտալիայում հայրենական գիտության զարգացման եւ երիտասարդ կադրերի պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդը:

«Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամն, ավելի քան 20 տարի է գործունեություն է ծավալում միջմշակութային երկխոսության բնագավառում, շուրջ 70 երկրի, այդ թվում՝ հայաստանյան 3 կազմակերպությունների հետ իրականացնելով բազմաթիվ համագործակցության ծրագրեր:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել քննարկում՝ «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամի եւ ՀՀ մշակույթի նախարարության միջեւ հետագա ծրագրերի մշակման, իրականացման եւ համագործակցության շուրջ:

Հայ եւ իտալացի ժողովուրդների բարեկամության, մշակութային համագործակցության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար՝ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամի նախագահ պարոն Պաոլո Դել Բիանկոն պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով եւ Գրիգոր Նարեկացի հուշամեդալով: