Հրշեջ-փրկարարները հերթապահություն են իրականացնում Արշակունյաց պողոտայում` «Սպայկա» ընկերության տարածքում, քանի որ այսօր` մայիսի 17-ին այնտեղ եւս հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե մայիսի 17-ին, ժամը 10.49-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող շենքում հրդեհի նշաններ են նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.47-ին, մարվել՝ 13.28-ին: Տարբեր օջախներով այրվել են պլաստմասե թափոններ՝ մոտ 30 քմ:

Նշենք, որ մայիսի 15-ի գիշերը բռնկված հրդեհը մարելու համար հրշեջ-ծառայությունից երեկ պահանջվել էր 14,5 ժամ: Մայիսի 15-ին, ժամը 23.58-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում: Սկզբում հայտարարվել էր հրդեհի բարդության «2-րդ», ապա «3-րդ» աստիճան:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 18 մարտական հաշվարկ, 4 ավտոսանդուղք, թիվ 4 ՀՓՋ-ի ԳԾՊԾ օղակը, ՃԿԿ ԱԻ արձագնքման խմբերը եւ ՀՆՓԱԻ կենտրոնի երկու փրկարարական ավտոմեքենաները: Դեպքի վայրում են գտնվել 6 ջրատար, շտապօգնության եւ ոստիկանության ավտոմեքենաներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.15-ին, մարվել` 14.30-ին: Նախնական տվյալներով այրվել է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով:

«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ամբողջությամբ վնասվել է 15 հազար քառակուսի մետր տարածքով, տարածաշրջանում ամենահագեցած եւ մեծ սառցարանային համալիրը, որտեղ ամբարված էր Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերից մթերված կարտոֆիլը, ընկերությունը նաեւ պատրաստվում էր ծիրան մթերել, եւ դրա համար պլաստմասե ու փայտե արկղեր էր կուտակել, որոնք եւս հրո ճարակ են դարձել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am