Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ, այսօր՝ մայիսի 17-ին, ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան, պարոն Կոնստանտին Օբոլենսկիին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանում հավատարմագրված Շվեյցարիայի Համադաշնության ռազմական կցորդ, փոխգնդապետ Սիմոն Օիգստերը:

Հանդիպման ընթացքում Ս. Օհանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ պաշտպանության բնագավառում իրականացվող համագործակցությունը, մասնավորապես` Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի (DCAF) եւ Շվեյցարիայի Համադաշնության կողմից կազմակերպվող «Միջազգային հարաբերություններում կարողությունների ուժեղացում» («CABIR») ծրագրի շրջանակներում: 

Դեսպան Օբոլենսկին եւս կարեւորել է հայ-շվեյցարական համագործակցությունը, հաստատելով շվեյցարական կողմի պատրաստակամությունը ապահովելու ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփուխումների գործընթացում Շվեյցարիայի Համադաշնության աջակցության շարունակականությունը: Նա հավաստիացրել է, որ այսուհետ եւս կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը: