«Սպայկա» ընկերությունը, որտեղ հրդեհը ամբողջությամբ ոչնչացրել է սառնարանային տնտեսությունը, չի դադարեցնի գյուղմթերքների մթերումները: Այդ մասին այսօր` մայիսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Սպայկայի» հիմնադիր եւ գործադիր տնօրեն Դավիթ Ղազարյանը:
Նրա խոսքով` այրվել է 15 000 քառ. մետր սառնարանային տնտեսությունը (12 հազ. տոննա տարողությամբ), որի կառուցման համար ներդրվել էր 15 մլն դոլար: Տնտեսությունը ամբողջովին ստեղծվել էր իտալական տեխնոլոգիաներով: Ընդսմին` ապահովագրված է եղել սառնարանային տնտեսության մի մասը:
Հրդեհի պատճառների մասին Դ. Ղազարյանը դժվարացավ որեւէ բան ասել, նշելով միայն, որ հրդեհը միանգամից բռնկվել է բավական մեծ տարածքի վրա: Հրդեհի պահին շենքի ներսում եղել են սորտավորման արտադրամասի բանվորները (մոտ 50 կին), որոնք հասցրել են արագ դուրս գալ: Տարածքը տեսագրվում է, իրավապահները ներկայում ուսումնասիրում են տեսաժապավենները: Հրդեհի պահին շենքում ամբարված է եղել մոտ 100 տոննա կարտոֆիլ: Սառնարանի պատերը պատված են եղել ֆենոպլաստ եւ պոլիուլիտան նյութերով, որոնք օգնում են ջերմությունը պահպանել, սակայն այրվող են:
Դ. Ղազարյանն ասաց, որ ընկերությունը շարունակելու է մթերումները` օգտագործելով Բագրատունյաց 70 հասցեում իրենց սեփականությունը հանդիսացող պահածոների գործարանի տարածքը: «Սպայկան» ոչ մի ֆերմերի պարտք չէ, ու չի լինի»,- հավաստիացրեց Դ. Ղազարյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոստմանը` այլ տարածքներ տրամադրելու հետ կապված, Դ. Ղազարյանն ասաց, որ այդ առաջարկը դեռ կոնկրետացված չէ եւ ուսումնասիրման փուլում է: Սառնարանային նոր կոպմպլեքսը կառուցվելու է հենց Բագրատունյաց 70 հասցեում, քանի որ այրված շենքը վերականգնման ենթակա չէ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























