Քալիֆորնիա նահանգում 36-ամյա հային դատապարտել են ցմահ ազատազրկման Բըրբենքից 2006թ. մի կնոջ առեւանգելու եւ Գլենդելի մոթելներից մեկում բռնաբարելու մեղադրանքով: Այդ մասին հայտնում է «Glendale News-Press»-ը:

Էդվարդ Նիկոլայանը նաեւ պետք է միաժամանակ 6-7 տրի պատիժ կրի լրացուցիչ մեղադրանքներով` թմրանյութեր օգտագործելու, բռնաբարության եւ կանանց վրա հարձակվելու մեղադրանքներով:

Նիկոլայանը վաղաժամ ազատման իրավունք չունի առնվազն յոթ տարի, եւ պարտավոր է գրանցվել որպես եռական հանցագործ: Նրա հանցակից Տիգրան Պետրոսյանն արդեն ազատ է արձակվել եւ գրանցվել որպես սեռական հանցագործ գրանցվել:

Նիկոլայանի փաստաբան Միգել Ռոդրիգեսը հայտարարում է, թե իր պաշտպանյալը խոստովանում է, թե կինը հրաժարվել է իր հետ սեքսից, բայց նրան չի առեւանգել: Ըստ դատապարտյալի, նա ինքն է որոշել զվարճանալ տղամարդկանց հետ:

Էդվարդ Նիկոլայանը  հանցագործությունը կատարել էր 2006թ. սեպտեմբերի 19-ին: ԱՄՆ դաշնային մարշալների ծառայության գործակալները Նիկոլայանին ձերբակալել էին 2009թ. դեկտեմբերին, Նյու Յորքում: Դետեկտիվները ԴՆԹ-ի նմուշներ էին վերցրել եւ տեսագրություններ:

Նիկոլայանն ու Պետրոսյանը կնոջը հանդիպել էին Բըրբենքի բարերից մեկում, որտեղ թմրանյութ էին լցրել նրա հյութի մեջ: Կինը կորցրել էր գիտակցությունը, իսկ երբ արթնացել էր, պարզել էր, որ Գլենդելի «Սակուրա» մոթելում է, արյունոտված վիճակում, վնասվածքներով:

Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են տղամարդիկ կնոջը հանում վարձակալած «Dodge Magnum» մեքենայից, փաթաթում շորի մեջ եւ տանում սենյակ:

Հոկտեմբերին Պետրոսյանը փորձել էր ոտքով հատել ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանը, բայց ձերբակալվել էր: Նա մեղավոր էր ճանաչվել 2009թ. հունիսին: