Կաննի հերթական կինոփառատոնը, որն սկսվել էր մայիսի 16-ին, արդեն հասցրել է հայտնվել սկանդալային պատմության մեջ։ Սակայն, դիպվածը որեւէ առնչություն չուներ արվեստի հետ, այն միայն հանցագործ բնույթ էր կրում։
Երկնագույն ծովափին գտնվող Novotel հյուրանոցի համարից հափշտակել էին շվեյցարական Chopard ոսկերչական ընկերության զարդերը՝ մեկ միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։ Արդուզարդը նախատեսված էր փառատոնին ժամանած աստղերին վարձով տրամադրելու համար՝ ընկերության գովազդային ծրագրի շրջանակներում։
Զարդեղենը գտնվում էր հատուկ կոնտեյներում, որը պահվում էր Chopard-ի աշխատակցի համարում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։ Գողերը սեյֆը դուրս են հանել համարի պատից եւ տարել անհայտ ուղղությամբ։
Ինչպես նշում է France 24-ը, առեւանգումը տեղի է ունեցել այն օրը, երբ փառատոնի շրջանակներում ցուցադրվում էր Սոֆի Կոպպոլայի նոր ֆիլմը, որի գլխավոր հերոսները հայտնի մարդկանց տներից դուրս էին հանում թանկարժեք իրերը, մինչ վերջիններս զվարճանում էին այնպիսի միջոցառումներում, ինչպիսին է օրինակ Կաննի կինոփառատոնը:




























