Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ մայիսի 17-ին, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտում նոր մարզահամալիրի կառուցման հետ կապված հարցերին:

Մարզահամալիրի նախագիծը ներկայացրել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Նախագահ Սահակյանն իր խոսքում կարեւորել է նման օբյեկտի առկայությունը Ստեփանակերտում՝ հավելելով, որ այն մեծապես կնպաստի հանրապետությունում  սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացմանն ու մասսայականացմանը:

Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել նախագծի կատարելագործման ուղղությամբ՝ ընդգծելով, որ այն պետք է իրականացվի պատշաճ մակարդակով եւ անթերի:

Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ կառավարությանն առնընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք: