Աֆղանստանից արտասահմանյան զորքերը դուրս բերելուց հետո Ռուսաստանի հարավային սահմաններին հարակից տարածաշրջանում իրադրությունը կվատթարանա: Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Ըստ նրա՝ հիմնական խնդիրների շարքում են Աֆղանստանին սահմանակից շրջաններում անկայուն գոտիների առաջացումը, ծայրահեղական խմբավորումների ազդեցության տարածումը, իսլամիստական գաղափարների ներթափանցումը Աֆղանստանին հարեւան երկրներ, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքացիներից գրոհայիններ պատրաստող ճամբարների տարածումը Աֆղանստանի տարածքում:
«ՀԱՊԿ-ի գլխավոր խնդիրն է ԱՖղանստանից արտասահմանյան ռազմական զորքի դուրս բերելուց հետո նվազեցնել սահմանակից շրջաններում հնարավոր բացասական ազդեցությունը», - նշել է Բորդյուժան, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»:
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի հետ Կազմակերպության կոորդինացիայի հնարավորությունները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ն դեռ պատրաստ չէ համագործակցության: «Հնարավոր համագործակցության վերաբերյալ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների կողմից ոչ մի հստակ պատասխան մենք չենք ստացել», - ասել է Բորդյուժան: «ՆԱՏՕ-ի հետ կապերը ցանկալի են, սակայն կենսականորեն անհրաժեշտ չեն, ՀԱՊԿ-ն ինքնաբավ կառույց է», - հավելել է նա:



























