«Գրին քարտ» անվանումը կրող վիճակախաղը կարող է վերանալ, եթե Միացյալ Նահանգների Կոնգրեսն ընդունի երկրի երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված ներգաղթային ոլորտի բարեփոխումների ծրագրի ներկայիս տարբերակը:

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, վիճակախաղը ժամանակին ստեղծվել էր՝ բոլորին «ամերիկյան երազանքին» հասնելու հնարավորություն տրամադրելու նպատակով, սակայն նոր ծրագիրը դրա փոխարեն կենտրոնացած է բնական գիտությունների, տեխնոլոգիայի, ինժեներական եւ մաթեմատիկայի բնագավառներում բարձր որակավորում ունեցող աշխատողների թիվն ավելացնելու վրա:

«Գրին քարտ»-ի վիճակախաղի համակարգի գաղափարը ստեղծել էր հանգուցյալ սենատոր Էդվարդ Քենեդին 1990-ականներին, որպեսզի ներգաղթի ցածր քվոտաներ ունեցող Եվրոպայի եւ այլ պետությունների բնակիչներին տրվի ԱՄՆ ներգաղթելու հնարավորություն: «Բազմազանության արտոնագիր» պաշտոնական անվանումը կրող վիճակախաղի ծրագիրը բավականին փոքրածավալ է, քանի որ դրանով տրամադրվում է տարեկան մոտ 50 հազար ներգաղթի վիզա՝ համեմատած ամեն տարի թողարկվող ավելի քան մեկ միլիոն նոր «Գրին քարտերի»:

ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից քննարկվող ներգաղթային ոլորտի առաջարկված բարեփոխումների ծրագրի համաձայն սակայն բազմազանության արտոնագիրը կարող է վերացվել: Փոխարենը ծրագիրը նախատեսում է ընդլայնել հնարավորությունները գիտության եւ տեխնիկայի ոլորտում գիտական աստիճաններ ունեցող անձանց համար:

Կոնգրեսի որոշ անդամներ դեմ են հանդես գալիս բազմազանության արտոնագիրը վերացնելուն՝ ասելով, որ Միացյալ Նահանգները պետք է հնարավորություն ընձեռի աշխարհի աղքատ եւ անբարենպաստ պայմաններում ապրող բնակիչներին: ԱՄՆ-ի գործարար շրջանակները սակայն կողմ են հանդես են գալիս առավել մեծ թվով մասնագիտական արտոնագրեր տրամադրելուն: