Բնապահպանության նախարարությունում տեղ է ունեցել Օրհուսի կոնվենցիայի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի նախագիծը:
Նախարար Արամ Հարությունյանը շնորհակալություն հայտնելով աշխատանքային խմբին կատարված աշխատանքի համար՝ նշել է. «Այս ժամանակաընթացքում աշխատանքային խմբի անդամներն աշխատել են, հավաքել են այն բոլոր առաջարկությունները, որոնք տրվել են այս օրենքի քննարկման շրջանակներում: Այսօրվա քննարկումը եւս մեկ հնարավորություն է, որպեսզի մեկ անգամ եւս քննարկենք եւ ամբողջացնենք օրենքի նախագիծը»: Նախարարի խոսքով՝ 1995թ. օրենքի ընդունումից հետո շատ փոփոխություններ են տեղի ունեցել, եւ անհրաժեշտություն է առաջացել նոր օրենքի մշակման համար:
Օրենքի նախագիծը ներկայացվել է երկու համազեկուղների կողմից «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Ազգանուշ Դռնոյանի եւ հասարակական կազմակերպությունների անունից Արթուր Գրիգորյանը, ով հատկապես առանձնացրել է այս օրենքի նախագծի այն եզակի օրենքներից է, որ հասարակական սեկտորի ներկայացուցիչները լայնորեն ներգրավված են եղել օրենքի մշակման ընթացքում:
Նախարարը հայտնել է նաեւ, որ 2013թ մայիսի 31-ին տեղի կունենա հանրային քննարկումներ կապված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի նախագծի հետ:































