Ինտերպոլի օգնությամբ՝ Հայաստանի քաղաքացի Ասլան Հասանյանին հայտնաբերել են Գերմանիայում:

2012 թ. օգոստոսի 20-ից ոստիկանության Արագածի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) եւ 325 հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով հետախուզում էր հայտարարվել 1977 թ. ծնված Ասլան Ռզգանի Հասանյանի նկատմամբ: Նրա նկատմամբ նաեւ Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզում էր հայտարարվել:

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքները երկար սպասեցնել չտվեցին, եւ Գերմանիայում Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ ամիսներ անց Ասլան Հասանյանը ձերբակալվեց Գերմանիայի իրավապահ մարմինների կողմից եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի եւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության համատեղ օպերատիվ խմբի կողմից մայիսի 16-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից  Դյուսելդորֆ-Մոսկվա-Երեւան չվերթով տեղափոխվեց Հայաստան: