Երեւանի ավագանու ընտրությունների օրը, Ոսկեվազ գյուղում հաշվառված Ս.Սերոբյանի կողմից թիվ 07/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությամբ բացահայտվել է նույն ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու եւս մեկ դեպք:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ս. Սերոբյանը, ընդգրկված չլինելով թիվ 07/18 ընտրատեղամասի ընտրացուցակներում, փորձել է մասնակցել Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին եւ քվեարկել այլ անձի փոխարեն, ինչը կանխվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից։
Նախաքննության տվյալներով` Ոսկեվազի բնակիչ Ս.Սերոբյանին քվեաթերթիկ եւ ծրար է տվել հիշյալ ընտրատեղամասի հանձնաժողովի մեկ այլ անդամ` Լ.Դավթյանը` ընտրողների ցուցակում ընդգրկված այլ անձի անվան դիմաց լրացնելով Ս.Սերոբյանի անձնագրի տվյալները:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաեւ, որ Լ.Դավթյանն օժանդակել է նշված ընտրատեղամասում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում հաշվառված մեկ այլ բնակչի քվեարկությանը եւս:
Այսպես` Լ.Դավթյանը ընտրատեղամասի մատյանում տվյալ ընտրատեղամասի ընտրողներից մեկի անվան դիմաց լրացրել է Ոսկեվազում հաշվառված Վ.Թորոսյանի անձնագրի տվյալները եւ վերջինիս տվել քվեաթերթիկ ու ծրար: Վ.Թորոսյանը, քվեաթերթիկ եւ ծրար ստանալով, քվեարկել է այլ անձի փոխարեն: Ի դեպ, Լ.Դավթյանը եւս Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Լ.Դավթյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-153-րդ եւ 38-34-153-րդ հոդվածներով, իսկ Վ.Թորոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:
Հիշեցնենք, որ Ս.Սերոբյանին մեղադրանք էր առաջադրվել 2013թ. մայիսի 13-ին ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:




























