Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ մայիսի 17-ին, Սեւանում հյուրընկալվել է Ջրի եվրոպական 11-րդ երիտասարդական խորհրդարանի անդամներին: Այս տարի երիտասարդական խորհրդարանի հյուրընկալող երկիր է ընտրվել Հայաստանը, եւ մայիսի 12-19-ը եվրոպական 15 երկրից 90 երիտասարդ միասին քննարկում են ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրները:

Փոխվարչապետը ողջունել է խորհրդարանի մասնակիցներին` նկատելով, որ հավաքի քննարկման թեման կարեւոր եւ արդիական է  ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում: Նա նաեւ ուրախություն է հայտնել, որ երիտասարդներին հետաքրքրում են նման կարեւորագույն խնդիրները եւ ողջունեց դրանց լուծմանը մասնակից լինելու նրանց ձգտումը:

Փոխվարչապետը նշել է, որ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրները ՀՀ կառավարության օրակարգում են: Գալիք տարիներին կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես ջրամբարաշինության եւ ջրակուտակման նոր հնարավորությունների ստեղծման հարցերը, վերջին տարիներին լուրջ աշխատանքներ են իրականացվել ոռոգման համակարգի ենթակառուցվածքների, համայնքներում խմելու ջրի ցանցի վերականգնման ուղղությամբ: Նա տեղեկություններ է ներկայացրել ոլորտում նախատեսվող եւ իրականացվող ծրագրերի մասին:

Ա. Գեւորգյանը պատասխանել է նաեւ երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանում ջրային պաշարներին, դրանց կառավարման մեխանիզմներին: