Այսօր մեզ միավորել է վտանգը, այն ռեալ վտանգը, որ կախված է բոլորիս գլխին: Այդ մասին այսօր` մայիսի 17-ին Ազատության հրապարակում, «Նախախորհրդարանի» նախաձեռնած հանրահավաքում հայտարարել է դիրիժոր Վարդան Հակոբյանը: (ֆոտոռեպորտաժ)

«Սովետի փլուզումից հետո մնացած Հայաստանը սկսեց կառավարվել իմպրովիզների վրա` չունեալով հստակ կառավարման նախագիծ: Գուցե դա նորմալ էր այն ժամանակվա պետության համար, որը պատերազմ էր վարում, գումարած ավերիչ երկրաշարժը: Մեր կառավարողները, մեր վարչապետները, նախագահները 20-25 տարում չկարողացան ստեղծել այն հիմքը, որը պետք է տանել ռեալ կայացած պետություն: Առ այսօր ամեն ինչ կատարվում է իմպրովիզներով»,- նշել է նա:

Հակոբյանի խոսքով, իշխանությունները, չունենալով ժողովրդի աջակցությունը, կեղծում են բոլոր ընտրությունները` դրա դիմաց ռազմավարական օբյեկտները զիջելով ռազմավարական դաշնակիցներին: «Արդյունքում ունենք գաղութացված Հայաստան: Մենք այսօր չենք կարողանում դիմագրավել գազի թանկացմանը, որի հետեւանքը լինելու է ոչ միայն մեծացող արտագաղթը, այլեւ երկրի կորուստը: Պետական շահը զոհաբերվել է անձնականին: Մեզ համախմբումից բացի պետք է հստակ հասկանալ, որտեղ է մեր բացթողումը, ինչու չկայացավ Հայաստանը»,- նշել է Վարդան Հակոբյանը եւ հավելել. «Մեզ պետք է նոր երկրի նոր նախագիծ»:

Նշենք, որ Երեւանի Ազատության հրապարակում «Նախախորհրդարան» նախաձեռնությունը հանրահավաք է հրավիրել, որին մասնակցում են ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, բնապահպաններ, հասարակական ակտիվիստներ:

Ավելի վաղ «Նախախորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որում նշել էր, թե հանրահավաքի ընթացքում ներկայացվելու են.

1. Հայաստանում ձեւավորված նորգաղութային կառավարման կեղեքիչ համակարգի համառոտ բնութագիրը եւ նրա տիրապետությունից ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ ազատվելու կենսական անհրաժեշտությունը,

2. Նորգաղութային կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձեւավորմամբ եւ լեգիտիմացմամբ գործող վարչախմբի անցնցում հեռացման ծրագիրը,

3. Վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագրային մոտեցումները,

4. Ժողովրդին ազգային-ազատագրական կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը: