Արմավիրի մարզում կարկտահարությունից հետո խնդիր է դրվել առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում բանջարաբոստանային սերմացուների պահանջն ամբողջովին բավարարել: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, մամուլի ասուլիսում նշել է գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
«Բանջարաբոստանային մշակաբույսերի հարցում գյուղացիները կարող են անհոգ լինել, քանի որ նախարարությունը դրանք ձեռք է բերում մեր հանրապետությունում գործող տնտեսվարող սուբյեկտներից. դրանք լավագույնն են: Պատրաստվում ենք շուրջ 200 հազ. սածիլներ տրամադրել՝ լոլիկի, մասամբ նաեւ՝ տաքդեղի, սմբուկի: Մոտավորապես 24 տոննա սերմացու գյուղացիներին կառավարության կողմից կտրամադրվի անհատույց: Այսօր վարկերի երկարաձգման, տոկոսների վճարման կասեցման խնդիրներ են բարձրացվում. այս խնդիրները պետք է քննարկվեն, ամփոփվեն եւ ներկայացվեն հանրապետական հանձնաժողովին» ,- ասել է նա, համոզմունք հայտնելով, որ մասնագիտական մոտեցման դեպքում, հնարավոր է եկող տարի լիարժեք բերք ստանալ:
Իր հերթին «Գյուղատնտեսական ասոցացիա» ՀԿ ներկայացուցիչ Լյովա Իսկանդարյանը նշել է. «Գյուղնախարարությունը կարող է մեզ առաջարկել եգիպտացորեն, որի իրացման հարցը ինչպես կլինի՝ պարզ չէ: Վնասն այնպիսին է, որ խաղողի բերք մյուս տարի էլ չի լինի: Գյուղացուն անհրաժեշտ է միայն տալ: Էն ժամանակ, երբ գյուղացին իր ամենօրյա հոգսերից բացի կարողացավ մտածել ընտանիքին թատրոն տանելու մասին, այդ ժամանակ կարելի է գյուղացուց ուզել: Իսկ մինչ այդ պետք է միայն տալ, մինչեւ գյուղացու ոտքի կանգնելը»:
ԱԻՆ «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսման բաժնի պետ Գագիկ Սուրենյանն էլ ընդգծել է, որ կարկտային պրոցեսները բարդ են տեղայնացված, եւ դրանք կանխատեսել հնարավոր չէ: Նա հայտնել է, որ առաջիկայում հանրապետության սահմաններում կարկուտ է սպասվում:
«ՀՀ ԱԻՆ համակարգում ներառված են 154 հակակարկտային կայաններ, պաշտպանության տակ է գտնվում 13 հազ հա տարածք: Մեր կայանները Արմավիրում աշխատել են ճիշտ ժամանակին, բայց կայանների քանակը շատ քիչ էր, իսկ պրոցեսը՝ հզոր: Այս տարի նախատեսվում է կառուցել եւս 36 կայան, որից 12-ը՝ Արմավիրի մարզում»,- ասել է ԱԻՆ «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը:




























