NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել մայիսի 15-ի երեկոյան բնապահպանության տեսչության տեսուչ Տիգրան Մելիքյանի կողմից անտառտնտեսության Մոտկորի անտառապետ Թովմա Մաթեւոսյանին սպանելու դեպքի վերաբերյալ: Պարզվում է` այս պատմությունը մի քանի շերտեր ունի: Լոռիի մարզի բնապահպանական տեսչության պետ Արմեն Լապլաջյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Տիգրան Մելիքյանը եւ Թովմա Մաթեւոսյանը որեւէ անձնական խնդիր երբեւէ չեն ունեցել, իսկ միջադեպը բնապահպանության տեսուչի աշխատանքի հետ է կապված եղել:
Տեսչության ղեկավարն ասաց, որ նախորդ տարիներին մի քանի անգամ դեպքեր են եղել, երբ իրենց տեսուչներն անտառահատման դեպքերի մասին արձանագրություններ են կազմել: «Կոնկրետ Թովմա Մաթեւոսյանի անունով արձանագրություն չունենք, բայց դեպքեր եղել են նաեւ իր ղեկավարած անտառտնտեսությունում»,- նշեց Արմեն Լապլաջյանը: Նա խոստովանեց, որ այդ անտառտնտեսությունում հատման դեպքեր հայտնաբերվելիս եղել են դեպքեր, երբ ցանկացել են ինչ-որ մարդկանց միջոցով միջնորդել, բայց չի հաջողվել:
Վերջին ողբերգական միջադեպը եւս նախապատմություն ունի: Ոստիկանության Թումանյանի բաժնից Լոռիի բնապահպանական տեսչություն գրություն է ուղակվել 4 մեքենա (3 «Ֆորդ» եւ 1 «Զիլ» մակնիշի մեքենա) փայտանյութ ապօրինի անտառից դուրս բերելու դեպքի մասին: Դրանից հետո իրենց 4 տեսուչները, այդ թվում` նաեւ Տիգրան Մելիքյանը, գնացել են Մոտկորի անտառ, որպեսզի ուսումնասիրություն կատարեն, չափագրեն, լուսանկարեն: Նա նշեց, որ շուրջ մեկ շաբաթ նրանք գնացել, եկել են, որպեսզի անտառի աշխատակիցները ցույց տան, թե որտեղ են հատվել ծառերը, սակայն ցույց չէին տալիս` պատճառաբանելով, թե չգիտեն, տեղը չեն հիշում:
«Մերոնք գնացել են, որպեսզի տարածքը զննեն, իրենք էլ ասել են, թե չգիտենք, մերոնք էլ ասել են` կոնկրետ տեղն իմացեք, որ անընդհատ չգանք, գնանք: Հետո լսել եմ, որ այդ ընթացքում, երբ չեն տարել տարածքը ցույց տվել, թեթեւակի վիճաբանություն է եղել երկուսի միջեւ, բայց ոչ թե հրմշտոց, քաշքշուկ, այլ ընդամենը խոսակցություն, որ հերիք է, տանում եք, բերում եք, մենք էլ զբաղված մարդ ենք»,- պատմեց տեսչության պետը:
Արմեն Լապլաջյանը պատմեց, որ դեպքի օրը Տիգրան Մելիքյանը եկել էր աշխատանքի, գնացել են Մոտկորի անտառ` ուսումնասիրություն կատարելու, ժամը 19.00-ի սահմաններում տնօրենին զեկուցել են, որ ամեն ինչ նորմալ է եւ արդեն տուն են գնում: Իսկ կեսգիշերին տեղի ունեցած միջադեպի մասին ինքը չի իմացել, նրան այդ մասին հայտնել են ոստիկանությունից: Ավելի ուշ տեսչության պետն իմացել է, որ մայիսի 15-ի երեկոյան Թովմա Մաթեւոսյանը Տիգրան Մելիքյանին կանչել է` հարաբերությունները պարզելու նպատակով:
Նա պատմեց, որ իրենց տեսուչը մենակ է գնացել այդ հանդիպմանը, իսկ անտառապետը եկել էր իր մի քանի գործընկերների հետ, որոնք, ասում են, որ փորձում էին հարթել վիճաբանությունը, բաժանել նրանց:
Տեսչության ղեկավարն ասաց, որ երբեւէ իր աշխատակցի մոտ դանակ չի նկատել, ավելին` այժմ քաղաքում տեղեկություններ են շրջանառվում, թե գուցե անտառապետը ինքն է իրեն դանակահարել խառնաշփոթ ստեղծելու համար:
«Ոչ ոք չգիտի, թե դա ում ձեռքի գործն է, միգուցե ինքն է իրեն վնասել այդ խառնաշփոթի ընթացքում, չէ՞ որ դա էլ վարկած է, բոլորը խոսում են այդ մասին, ասում են` կարող է ինքն է իրեն վնաս տվել, ընդհանրապես անտառ մտնող մարդը միշտ կուզենա իր մոտ մի բան ունենա, որ կարողանա իրեն պաշտպանի, կարո՞ղ է իր ձեռքին է եղել գործիքը, ո՞վ կարող է ասել, մինչեւ քննությունը վերջնական չպարզի»,- ասաց նա:
Ի դեպ, դեռեւս ուսումնասիրությունները չեն ավարտվել եւ դեռ չեն կարող ասել, թե Մոտկորի անտառում ինչքան ծառ է հատվել: Նրա փոխանցմամբ` այժմ փայտանյութով բեռնված մեքենաները ոստիկանության Թումանյանի բաժնում են, ընթանում է քննություն, դեռ պարզ չէ, թե ովքեր են ծառեր հատել:
Նա նշեց, որ Տիգրան Մելիքյանը մոտ 1-1,5 տարվա աշխատակից է, «համեստ, խելոք, քչախոս, ամաչկոտ տղա է, նորմալ աշխատող. ագրեսիվ բան չեմ նկատել, երբեք չեմ լսել, որ որեւէ մեկի հետ թշնամություն ունենա, բոլորը զարմացած են այդ դեպքի հետ կապված»: Տեսուչը ամուսնացած է, ունի երկու անչափահաս որդի: Նա նշեց, որ ոչ ոք չգիտի, թե Տիգրան Մելիքյանը որտեղ է:
Նշենք, որ Լոռիի մարզային տեսչության պետը չհերքեց, որ ինքը Բնապահապանության նախարար Արամ Հարությունյանի վարորդի եղբայրն է, բայց վստահեցրեց, որ դա ընդհանրապես աշխատանքի հետ կապ չունի, ինքը չի փորձում եւ չի էլ կարող ուղղորդել քննությանը, միջամտել դրան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Վանաձորում: Գիշերը ժամը 22:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող Գանձակ սուպերմարկետի դիմաց դանակահարություն է տեղի ունեցել:
Մեր թղթակցի տեղեկություններով` սպանվել է անտառտնտեսության Մոտկորի անտառապետ Թովմա Մաթեւոսյանը (40-50 տարեկան), ով Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդին է: Իսկ դանակահարողը, չճշտված տվյալներով, եղել է բնապահպանության տեսչության տեսուչ Տիգրան Մելիքյանը:
Թովմա Մաթեւոսյաննին դանակահարված վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, սակայն ստացած վնասվածքներից նա ճանապարհին մահացել է: Դանակահարողը դիմել է փախուստի:




























