Կոնեկտիկուտ նահանգում գնացքների բախման հետեւանքով զոհերի թիվը հասնում է 60-ի: Այդ մասին հայտնում է նահանգապետ Դեն Մալոյը:
«60 ուղեւորներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հինգը գտնվում են հիվանդանոցներում՝ ծայրահեղ վիճակում», - ասել է նա արտակարգ մամուլի ասուլիսի ընթացքում: Մալոյը հնչեցրել է կատարվածի հավանական վարկածներից մեկը. «Գնացքներից մեկն անհասկանալի պատճառներով դուրս է եկել գծերից, այդ ժամանակ հանդիպակաց ուղղությամբ մոտեցել է մեկ այլ գնացք»:
Ուղեւորատար գնացքները բախվել էին տեղական ժամանակով ժ. 18:10-ին: Մի գնացքը շարժվում էր Ֆիլադելֆիա-Բրիջպորտ, մյուսը` Նյու Հեյվեն-Նյու Յորք ուղղությամբ: Ներկայումս Նյու Յորք-Նյու Հեյվեն հատվածում երթեւեկությունը դադարեցված է: Ըստ ԷնԲիԲի ալիքի` գնացքներում եղել է 250 ուղեւոր, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ լուրեր էին ստացվել, որ տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդն արդեն ձեռնամուխ է եղել կատարվածի բոլոր մանրամասները պարզելուն: «Մենք մանրամասն կհետաքննենք եւ կպարզենք կատարվածի բոլոր հանգամանքները», - հայտնել է Նյու Յորքի տրանսպորտային վարչության ներկայացուցիչ Ջիմ Մաքենան, որը նույնպես մասնակցում է հետաքննությանը:




























